Ոսկե հուշամեդալ թիվ 118 ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին
2017-12-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներ Հերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել են նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար:
Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևներ ստացած մանկավարժներին՝ Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների նվիրված աշխատանքի համար. «Կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ աշխատանքի արդյունքը շատ ուշ է տեսանելի դառնում, միաժամանակ այստեղ չափման միավորը սերունդների հերթափոխն ու մուտքն է դեպի մեծ հասարակություն: Պետությունը միշտ չէ, որ կարող է լիարժեք գնահատել մանակավարժի աշխատանքը, որովհետև պահանջները միշտ աճում են և այդ վազքի մեջ մենք երբեմն չենք հասցնում արժանավորին ասել շնորհակալություն: Ես առանձնակի ուրախ եմ, որ այսօր այն հաճելի օրերից է, երբ պետք է ասեմ շնորհակալություն»,- նշել է Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախարարությունը կարևորություն է տալիս ուսուցչի հանրային վարկանիշի բարձրացմանը:
Նշենք, որ ԿԳՆ բարձրագույն պարգևի արժանացած մանկավարժներից Հերիքնազ Կարապետյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչոուհի է.այս տարի լրացել է նրա 70 ակյակը, իսկ Վաչիկ Շահնազարյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով մանկավարժության ասպարեզում աշխատում է ավելի քան 50 տարի, որից 40-ը՝ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում: