Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում
2017-12-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերող գործնական աջակցության համար՝ նշել է, որ դպրոցը կդառնա հայ-չինական բարեկամության դպրոց: Նրա խոսքով, ժամանակն է, որպեսզի հստակեցվեն դպրոցում դասավանդվող ուսումնական ծրագրերի, չինարեն լեզվի խորացված ուսուցման և չինական մշակույթի ներկայությանը վերաբերող հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Թիան Էրլունը կարևորել է դպրոցի շինարարությունը որակյալ և ժամանակին ավարտելու հարցը: Նա հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում չինական դպրոցն իր դռները կբացի հայ աշակերտների առջև:
Հանդիպմանը քննարկվել են նաև Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեությանը և դպրոցի շինարարությանը վերաբերող ընթացիկ հարցեր: