Ուղիղ կապ Տիգրանաշենի հետ

2010-02-23

«Տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթությունում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական  տեխնոլոգիաների  ներդրման  գործընթացը: Բանախոսը նշեց, որ Հայաստանի  դպրոցների  ինտերնետային  ցանցը  (ՀԴԻՑ) հանրապետության չորս առաջատար ինտերնետ-մատակարարների (ԱրմենՏել, Արմինկո, Վեբ, Էյ-Դի-Սի) օպտիկական մալուխներով համակցված սերվերերային և ցանցային սարքավորումների ամբողջություն է, որում ընդգրկված է 644 դպրոց:

Ցանցը շուրջօրյա ինտերնետային կապ է մատակարարում դպրոցներին, պաշտպանում է արտաքին միջամտություններից, հնարավորինս սահմանափակում անցանկալի ինտերնետային բովանդակությունը, ապահովում ցանցի համակարգիչների հակավիրուսային պաշտպանությունը, իրականացնում 334 դպրոցական կայքերի և «Կրթական համալիր էջ» պորտալի ու ԿՏԱԿ-ի կայքի տեխնիկական սպասարկումը, հավաքում վիճակագրական տվյալներ կապի օգտագործման վերաբերյալ: Ա. Գրիգորյանն անդրադարձավ նաև «Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի» գործունեությանը: Կայանի միջոցով նախորդ տարվա ընթացքում համապատասխան դասընթացներ են անցկացվել ՀՀ ինը մարզերի 20 համայնքում, որոնց մասնակցել էին 572 աշակերտ և 182 ուսուցիչ: Ասուլիսի ընթացքում միաժամանակյա կապ հաստատվեց «Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի» հետ, որը գտնվում էր Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում:  Ուղիղ կապի ընթացքում «Ինֆորմատիկա» առարկայի դասընթացի մասնակից աշակերտներին հնարավորություն տրվեց իրենց տպավորություններն արտահայտել` կայանի գործունեության ու դասապրոցեսի վերաբերյալ:
Ա. Գրիգորյանը նշեց, որ կրթության ոլորտում օգտագործվող «Մայքրոսոֆթ ընկերության համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով 2008թ. ԿՏԱԿ-ը պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին գնել և 2009թ. ընթացքում կրթական հաստատություններում տեղադրել է այդ ընկերության արտոնագրերի փաթեթը (մեկ տարի ժամկետով), որը, մասնավորապես, ընդգրկում է 8300-ական Windows Vista և Microsoft Office: ՀՀ կառավարությունը 2009թ. պահուստային միջոցներից հատկացրել է համապատասխան գումար է, և գործողության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով: Բանախոսն անդրադարձավ նաև ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների համակարգչային  հագեցվածության,  էլեկտրոնային դասագրքերի և ուսումնաօժանդակ ձեռնարկների հետ կապված հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։