Կրթություն 2030. քննարկում` ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ
2017-11-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ: Այդ նպատակով ԿԳ նախարարությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչության, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի,
Ասիական զարգացման բանկի, Բրիտանական խորհրդի, Գերմանիայի միջազգային զարգացման և Գերմանական ակադեմիական փոխանակության հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ զարգացման ծրագիրը մշակել են նախարարությունը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը` շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և Ասիական զարգացման բանկին` ցուցաբերված աջակցության համար: «Ծրագրի նախագիծը ներկայումս դրված է հանրային քննարկման: Նախարարությունը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին` ծանոթանալ նախագծին և ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա հաշվի առնել բոլոր մտահոգությունները»,-նշել է Դավիթ Սահակյանը` ընդգծելով, որ նախագծի հետ ՀՀ կառավարություն կներկայացվի նաև գործողությունների ճանապարհային քարտեզը: «Այս փաստաթղթին զուգահեռ ընթանում են «Հայաստան-2030»-ի մշակման աշխատանքները, որտեղ ոլորտներից մեկը կրթությունն է: Հետևաբար, թիրախները սահմանելիս փորձել ենք դրանք համապատասխանեցնել վերոնշյալ փաստաթղթի հետ: Ցանկանում ենք, որ պետական քաղաքականությունը կրթության ֆինանսավորման հարցում հստակեցվի օրենքով: Մասնավորապես, ցանկանում ենք օրենսդրորեն ամրագրել, որ Հայաստանում կրթության ոլորտի հատկացումները երբևէ ՀՆԱ-ի 2 տոկոսի սահմանագծից չիջնեն»,-նշել է Դավիթ Սահակյանը` ընդգծելով, որ ծրագրով համապատասխան ցուցանիշներ են սահմանվել նաև յուրաքանչյուր թիրախի համար, որոնք ևս կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկաներին է ներկայացրել կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչև 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները և գործողությունների շրջանակը, ինչպես նաև ծրագրի իրականացումը, մոնիթորինգը, գնահատումը և ճանապարհային քարտեզը: «Կրթության զարգացման ծրագրի տեսլականն է` կրթությունը մարդու հիմնարար իրավունք է և հանրային արժեք: Կրթության զարգացման գլխավոր նպատակն է կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը լիարժեք ծառայում է ազգային շահերին, արտահայտում է տնտեսության ու հասարակության պահանջները, յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր պահանջմունքներին համապատասխան որակյալ կրթություն: Որպես թիրախներ սահմանվել են` ապահովել բոլոր երեխաների համար մատչելի, հավասար և որակյալ կրթություն, բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաև ամրապնդել դաստիարակության բաղադրիչը»,-նշել է Ռ. Ստեփանյանը` որպես ծրագրի ռազմավարական մոտեցումներ ընդգծելով կրթության բազմազանեցումը, սոցիալական երկխոսությունը, գործընկերային համագործակցությունը և կարիքներին միտված պլանավորումը: Նրա խոսքով` որպես պետական քաղաքականության սկզբունքներ սահմանվել են` ներառականությունը, տարածքային համաչափ զարգացումը, ազգային և համամարդկային արժեքների համադրումը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, իսկ գերակայություններ` կրթության որակը, մատչելիություն-ներառականությունը և արդյունավետության, արդարացիության սկզբունքները: Որպես իր զեկույցի ամփոփում` բանախոսն անդրադարձել է նաև ծրագրի փուլերին` համակարգի ռացիոնալացում, կարողությունների զարգացում և առաջանցիկ զարգացում:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել, որ Կրթության զարգացման պետական ծրագիրն իր մեջ ներառում է Կայուն զարգացման նպատակները, և յուրաքանչյուրի թիրախի համար կմշակվեն համապատասխան ցուցանիշներ: Նրանց մասնավորապես հետաքրքրել են ներառականության և արդարության սկզբունքի պահպանման, առաջնահերթությունների, կրթության շարունակականության, ֆորմալ կրթության, ինտեգրված մանկավարժության, դպրոցների կառավարման համակարգի վերաբերյալ հարցերը: