ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը Ազգային ժողովում
2017-11-17
Իմ ելույթի ընթացքում կփորձեմ առավելապես ներկայացնել բյուջեի կրթության հատվածի հնարավորությունները՝ քաղաքականության տեսակետից, որովհետև, ի վերջո, եթե ՀՀ-ում ցանկանում ենք ունենալ գիտելիքահեն և կրթական ավելի օպտիմալ համակարգ, ապա պետք է կարողանանք դրա հիմքում դնել ծրագրային բյուջե հասկացությունը: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, երկար ճանապարհ անցնելով, փորձ է անելու առաջիկա 1-2 տարիներին ամբողջությամբ բյուջեի տրամաբանությունը դնել ծրագրային հենքի վրա: Երբ նշանակվեցի ԿԳ նախարար, իմ հիմնական խնդիրն էր հասկանալ՝ ինչպես եղած միջոցները փոխանցել ավելի օգտակար գործողության տիրույթ և փորձել ՀՀ կրթական ոլորտի բյուջեն դիտարկել իբրև ծրագրային բյուջե: Առաջին նախապայմանը պլատֆորմի բացումն էր: Ըստ էության պետք է արձանագրել, որ կրթության ու գիտության բնագավառն այն ոլորտներից է, որն ուղիղ նպաստում է ՀՀ անկախության ամրապնդմանը, քանի որ այն ամբողջությամբ բաց հարթակ է: Եթե ուշադրություն դարձնեք կրթական, հատկապես բարձրագույն կրթության համակարգի կառուցվածքին, ապա կնկատեք, որ այնտեղ ներկայացված են ամենատարբեր քաղաքակրթական արդյունքներ, որոնք կարողացել են ադապտացվել և իրականացնում են մեր երկրի անվտանգության, մեր ազգային առաջընթացի ծրագրերից բխող քաղաքականություն: Եվ այստեղ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել կրթության համակարգի հիմնախնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին՝ սկսած իշխանությունը ներկայացնող և պատասխանատվությունն իր վրա վերցրած դաշտից մինչև ընդդիմություն, քանի որ կրթական համակարգում հատկապես վերջին 1.5 տարվա ընթացքում հնչող քննադատությունները և խնդիրները ամբողջությամբ, չնչին բացառություններով, մտահոգ տիրույթի և մարդկանց առաջարկություններ են, որի արդյունքում ստացվում է երկուստեք օգտակար երկխոսություն և դրական մթնոլորտ: Ցանկանում եմ այդ մասին հայտարարել հենց այս բարձր ամբիոնից, քանի որ առանց դրա՝ չենք կարող ակնկալել կրթական այն որակը, որն անհրաժեշտ է՝ համակարգը զարգացնելու համար:
Այժմ բյուջեի մասին. 2018 թվականի բյուջեն մենք դիտարկում ենք իբրև լուրջ հիմք՝ ապագա ծրագրերի համար, և այստեղ ունենք լուրջ խոչընդոտ: Ներկա բյուջեի նախագծում ՀՆԱ կրթության ոլորտի բյուջե հարաբերակցությունը 2 տոկոսից մի քիչ բարձր է, բայց երբ նայում ենք միջնաժամկետ ծախսային ծրագրին, ապա իսկապես կա մտահոգություն: Ներկայումս ՀՀ Նախագահի անմիջական ցուցումով, Ֆինանսների նախարարության հետ փորձում ենք հասնել մի վիճակի, որ Հայաստանում կրթության ոլորտի հատակացումները երբևէ ՀՆԱ-ի գոնե 2 տոկոսի սահմանագծից չիջնեն, որովհետև սա ավելի շատ քաղաքական կամքի արտահայտություն և վերաբերմունք է: 2018 թվականի համար ունենք զարգացման լուրջ նախադրյալներ. կրթական համակարգի նկատմամբ աննախադեպ մեծ հետաքրքրությունը բերում է նաև շատ մեծ հնարավորություններ՝ կրթական ներդրումների առումով: Օրինակ, ավելի մասնագիտական՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում, իսկապես, կարող ենք պետբյուջեից տրամադրվող ներդրումներին առնվազն հավասար, եթե ոչ ավելին, բերել լուրջ դոնորական աջակցություն՝ մեր հայրենակիցերի կամ միջազգային հետաքրքրված կառույցների միջոցով: Եվ 2018 թվականն ամբողջությամբ նվիրված է լինելու այդ հարթակների ձևավորմանը: Այդ նպատակով ներկայացրել ենք երկու կարևոր օրենքների նախագծեր, որոնք արդեն մի քանի անգամ անցել են քննարկումների շարք, դրվել հանրային քննարկման: Եվ այս բացված հարթակը հնարավորոթյուն է տալիս բոլոր հարցերը թափանցիկ քննարկել: Կրթության ոլորտում առհասարակ չկա որևէ խնդիրր, որը հրապարակային քննարկման առարկա չդառնա: Օրինակ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ենթադրում է արմատական փոփոխություններ այս ոլորտում: Այստեղ ունենք մեր գործընկեր կառույցների՝ Եվրոպական միության, FAST հիմանդրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի աջակցությունը, որն իսկապես լուրջ նախադրյալներ կստեղծի 2019-20թվականներին լուրջ ծրագրեր ներդնելու և բարձրագույն կրթության ոլորտում արմատական փոփոխություններ անելու համար: Եվ քանի որ այդ հարթակը բաց է, բոլորին առաջարկում ենք կիսել պատասխանատվությունը և վեր կանգնել անհատական շահախնդրություններից: Խոսքը հետևյալ մասին է՝ մենք հանդուրժելո՞ւ ենք, որպեսզի 87 հազար ուսանողություն ունեցող երկրում աշխատի 67 բուհ կամ 12 հազար ուսանող ունեցող ոչ պետական հատվածում գործի ավելի քան 31 բուհ: Եթե չենք հանդուժելու, ապա պետք է միասին կարողանանք ձևավորել իսկապես գործունակ մեխանիզմ, որպեզի ստեղծենք այն հիմքը, որը իրականում համատարած ներգրավվածություն կապահովի կրթության ոլորտում: Մեկ այլ խնդիր կա հանրակրթության ոլորտում՝ բյուջեում կա 600 մլն դրամի պակասորդ: Խոսքը չի վերաբերում մանկավարժական կազմի կրճատմանը, այլ տեխնիկական անձնակազմին: Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ներկա պայմաններում 30 աշակերտ ունեցող դպրոցն ունենա 4 պահակ: Այդ 600 մլն առաջացել է, օրինակ, պահակների հաստիքների սրբագրումով: Տեսչությունն ինչ-որ չափանիշներ է հաստատել, և մենք ստիպված պահում ենք դրանք, բայց հաշվի չենք առնում, որ ՀՀ 1380 դպրոցներից 400-ն ունի 100-ից քիչ աշակերտություն, իսկ մոտ 600-700 դպրոց՝ 300-ից քիչ: Հետևաբար, 4 պահակի հաստիքն անիմաստ է պահել՝ գիշերային, հանգստյան օրերի, հատկապես որ ունենք հաստիքների հսկայական ամբողջություն: Այս տիպի ռացիոնալ ձևաչափեր են կիրառվելու: Իսկապես փորձել ենք այս բյուջեն այնպես անել, որ շատ լուրջ հիմք դառնա՝ 2019-20 թվականներին սեղանին դնելու, օրենսդրական լավ հիմք, բնական գիտությունների վեկտորը շեշտող կրթական համակարգ ունենալու համար: Ոչ մի ծրագրային տող բյուջեում ոչ միայն չի պակասել, այլ այն ունի ծավալ՝ մեծանալու համար: Եթե ճիշտ մշակենք, օրինակ, ուսուցիչների տարիֆիկացիան և տարակարգերի տրամադրման գործընթացը, ապա կարող ենք բյուջեն կտրուկ մեծացնել: Կամ եթե կարողանանք տարկետման խնդիրը կարգավորել և այն առանձնացնել բարձրագույն կրթության անվճար հատվածից, ապա կարող ենք մեր երկրին անհրաժեշտ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն ուղղությունների մինչև 60-70 տոկոսը դարձնել անվճար և վերադառնալ դեպի բարձրագույն կրթության այն հատվածը, որն անհրաժեշտ է մեր երկրի առաջընթացի համար: Ամփոփելով ելույթս՝ նշեմ, որ այս բյուջեն իսկապես կարող է հիմք դառնալ՝ եղած հնարավորություններն օգտագործելու 2019-20 թթ առաջընթացի համար: