Գյոթեի անվան կենտրոնի բացման հարցերը՝ հանդիպման առանցքում
2017-11-17
Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Սաշա Ֆաբրիին և Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։
Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում Գյոթեի անվան կենտրոնի բացման սկզբունքային որոշման կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանում գործող գերմանական կառույցների գործունեությունում կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանի խոսքով, Գյոթեի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում ոչ միայն կնպաստի հայ-գերմանական կրթական, այլ նաև մշակութային ծրագրերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացումը գործնական ու շոշափելի աջակցություն կտրամադրի Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին: ԿԳ նախարարը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ:
Փոխանցելով Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարության երախտագիտությունը՝ կրթության ոլորտում առկա համագործակցության համար՝ Սաշա Ֆաբրին հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման և ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ: Նա ընդգծել է, որ գերմաներեն լեզվի ուսուցման նոր մեթոդներ կիրառելու և կրթության որակ ապահովելու համար Հայաստանում բավարար հիմքեր կան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի: