Հավասար պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց համար
2017-11-15
Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր բացվել է սոցիալական ձեռնարկություն՝ սառնարանային տնտեսություն: Սոցիալական ձեռնարկության բացումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը շնորհակալությւոն է հայտնել Հայաստանում Եվրոպական միությանը և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությանը` ՄԿՈՒ ոլորտում իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի համար: «Մեր երկիրը որդեգրել է համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը, և ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիովին ինտեգրվեն աշխատաշուկային և հասարակությանը: Սոցիալական ձեռնարկություն հիմնելու նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել աշխատանքի մրցակցության հավասար պայմաններ և խթանել զբաղվածության հավասար հնարավորությունները և աշխատանքի մատչելիությունը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը` ընդգծելով, որ այսօր ՄԿՈՒ ոլորտում սովորում է շուրջ 30 հազար ուսանող, հետևաբար պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտին:
Նշենք, որ ծրագրի ընթացքում հաշմանդամություն ունեցող 40 երեխա ստացել է մասնագիտական ուսուցում Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում, որոնցից 5-ն արդեն աշխատում է նորաբաց սառնարանային տնտեսությունում:
Նախատեսվում է Սոցիալական ձեռնարկությունից ստացվող եկամուտների հաշվին հաշմանդամություն ունեցող ավելի մեծ թվով անձանց համար վերապատրաստման կարճաժամկետ դասընթացների կազմակերպում, ինչպես նաև լիարժեք ներառական կրթության ապահովում: Մասնագիտական վերապատրաստման դասընթացների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց համար կիրականացվի հմտությունների և կարողությունների զարգացում, որը կնպաստի անձի աշխատաշուկա մուտք գործելու գործընթացին:
«Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի նպատակն է` բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով: Ընդհանուր առմամբ` ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ երիտասարդներ: