Լևոն Մկրտչյանն ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին
2017-11-08
ՀՀ կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին: Ուսանողները շնորհակալություն են հայտնել իրենց առաջարկին ընդառաջելու և հանդիպելու համար, ինչին նախարարը պատասխանել է, որ այն իր պարտականությունն է, և առհասարակ՝ ԿԳ նախարարությունը միշտ բաց է՝ ոլորտի շահառուների հետ քննարկելու հանրությանը մտահոգող ցանկացած խնդիր:
Երիտասարդներն իրենց մտահոգություններն են հայտնել նախարարին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով առաջարկվող ակադեմիական տարկետման սահմանափակման հարցի վերաբերյալ:
Ի պատասխան ուսանողների մտահոգության՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է ԿԳ նախարարության տեսակետը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, մասնավորապես, հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելու հավասարության, զորացրվելուց հետո գիտությամբ զբաղվելու հնարավորության, սոցիալական արդարության և այլ հարցերի համատեքստում: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև վիճակագրություն՝ վերջին շրջանում գիտական աստիճան ստացած անձանց՝ գիտության ոլորտում ներգրավման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել երիտասարդներին՝ չխաթարել ուսումնական գործընթացը և իրենց մտահոգությունները քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ: