ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց տուրիզմի զարգացման կենտրոն
2017-11-08
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը։ Ողջունելով նախաձեռնությունը՚ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը կարևորել է աշխատաշուկայի առաջնահերթությամբ պայմանավորված կրթական ծրագրերի իրականացումը. «Կրթություն» բառը բազմաթիվ նշանակություններ է ձեռք բերել արդի հասարակությունում, սակայն կրթության ամենակարևոր բաղադրիչներից է մնում լսարանում ստացած գիտելիքի գործնական կիրառումը իրական պայմաններում: Այս կենտրոնը երիտասարդներին տալիս է այդ հնարավորությունը՝ փորձելու, նույնիսկ սխալվելու և ի վերջո հաջողելու», - իր խոսքում նշել է կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և հավելել, որ կենտրոնը կնպաստի ոչ միայն բուհի, այլ նաև համայնքային կյանքի աշխուժացմանը:
«Այսօր զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, և մեր երկրի համար կարևորագույն և արդի թեմաներից մեկը: Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի բազմաթիվ գեղեցիկ ու դեռևս չբացահայտված վայրեր, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս կենտրոնը կունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման մեջ», - իր խոսքում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը դեռևս տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի բոլոր մարզերում զարգացման և հետազոտության կենտրոնների հիմնման մտադրության մասին: Հետազոտության կենտրոնները յուրատեսակ կառույցներ են, որոնք տեղի երիտասարդների ներգրավման միջոցով միտում ունեն կրթելու տեղական համայնքներին և հնարավորություն տալու նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին հայտնաբերելու իրենց տարածքի զբոսաշրջության հետաքրքրություն ներկայացնող կառույցները և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի: