Առավել մտահոգիչ է ՀՆԱ-ի ու կրթության և գիտության ոլորտի հատկացումների տոկոսային հարաբերությունը
2017-11-06
Ազգային ժողովում 2018թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության ոլորտին հատկացված ֆինանսավորման հիմնական առանձնահատկությունները: Լ. Մկրտչյանի բնորոշմամբ՝ բյուջետային քաղաքականությունը բնորոշում է պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ.« Բյուջետային քաղաքականության միջոցով որոշվում է կրթության ոլորտի հանդեպ երկրի մոտեցումը:Այս իմաստով փորձել ենք բյուջեն այնպես կազմել, որ պետական հատկացումները որևէ ծրագրի վրա բացասական ազդեցություն չունենան, և կարողանանք պոտենցիալ ստեղծել հետագայում ավելացման համար: Ուստի, 2018 թվականի բյուջեի հետ կապված առանձնապես մտահոգություններ չունենք: Մեզ առավել մտահոգում է ՀՆԱ-ի աճի պարագայում կրթության և գիտության ոլորտի հատկացումների տոկոսային հարաբերությունը՝ հետագա տարիների համար: Խնդիրը ներկայացվել է նախագահին և նա ընդունելի է համարել մտահոգությունը: Մեր մոտեցումը հետևյալն է. 2019-20 թվականների համար պետք է այս խնդիրը կարգավորենք և փորձենք միջնաժամկետ ծախսային ծրագրերով այդ լուծումը տալ: Ի վերջո, կա մի կարմիր գիծ, եթե մեր նման երկրների համար սահմանվել է ՀՆԱ-ի 2 տոկոսը, ապա դրանից ներքև չի կարելի իջնել: Ինչ վերաբերում է 600 մլն. դրամի տարբերությանը, որը 2017 թվականի բյուջեի հետ համեմատած 2018թ.-ին ունենք. այս տարբերությունը չի անդրադառնում բովանդակային ծրագրերին,այդ նվազումը ընդամենը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված: Սա ես համարում եմ կարևոր սկզբունք»,- նշել է Լ. Մկրտչյանը :