Նոր մեխանիզմներ՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման
2017-11-03
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը», որը նպատակ ունի ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը: Հանրային քննարկման արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը :
«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրել են մշակվող իրավական փաստաթղթի նպատակն ու խնդիրները: ԿԳՆ բաժնի պետ Ս. Մակյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված ««Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգի» նախագծով սահմանվում են այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համար: Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը ցավոտ է և դրա կարգավորման նախկինում եղած իրավական նորմերը հարցին ամբողջական լուծում չէին տալիս.
«Կրթության և գիտության նախարարությունը խնդրի հիմնական հասցեատերը չէ: Երեխան կրթության և գիտության նախարարության տիրույթում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ նա գոնե մի անգամ դպրոց է հաճախում: Երեխայի կրթության իրավունքի ապահովման համար առաջին հերթին պատասխանատու է ծնողը, ով պարտավոր է երեխային ժամանակին դպրոց ուղարկել: Պատասխանատու են նաև տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, ովքեր իրականացնում են երեխաների հաշվառման վերահսկողությունը: Տարիների փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ունենալ միասնական մեխանիզմ, որտեղ ներգրավված կոնկրետ օղակները պատասխանատվություն կկրեն կրթությունից դուրս մնացած երեխաների համար: Նոր կարգով փորձ է արվել ստեղծել միասնական էլեկտրոնային համակարգ, որը մշակել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որով կրթությունից դուրս մնացած կամ կրթությունը տարբեր պատճառներով ընդհատած երեխաների արագ հայտնաբերման և նրանց դպրոց վերադարձնելու հնարավորություն է ապահովում»,- նշել է Ս. Մակյանը:
Բանախոսի խոսքով՝ կրթությունից դուրս մնացածների երեք թիրախային խումբ է առանձնացվում. Երեխաներ, ովքեր ընդհանրապես դպրոց չեն հաճախել, երեխաներ, ովքեր դպրոց հաճախել են, սակայն տարբեր պատճառներով այն անավարտ են թողել և երեխաներ, ովքեր հաճախում են ընդհատումներով: Հստակ տեղեկատվություն, թե ՀՀ-ում քանի երեխա ընդհանրապես դպրոց չի հաճախել չկա, քանի որ նախկինում նման վիճակագրություն չի իրականացվել՝ համապատասխան գործիքների բացակայության պատճառով: Ներդրվող համակարգը լուծելու է նաև այս խնդիրը: 2016-17 ուսումնական տարվա տվյալներով կրթությունն Հայաստանում 260 երեխա անավարտ է թողել կրթությունը: ԿՏԱԿ- ի մշակած նոր էլեկտրոնային համակարգն աշխատում է հետևյալ մեխանիզմով ՝պետական ռեգիստրից վերցվում է տվյալ տարում առաջին դասարան հաճախող երեխաների ծննդյան տվյալները, որոնք ԿՏԱԿ-ին են փոխանցվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 10-ը: Սեպտեմբերի 1-15-ը այդ տվյալներն համադրվում են փաստացի դպրոց եկած երեխաների տվյալների հետ: Դպրոցականների տվյալները էլեկտրոնային կառավարման համակարգ են մուտքագրվում դպրոցների կողմից, ինչը հնրավորություն է տալիս ստանալ հստակ տեղեկատվություն դպրոց չհաճախող երեխաների մասին: ԿՏԱԿ-ի մշակած նոր համակարգն այս ուստարում արդեն փորձարկվել է առաջին դասարանցիների համար: Ստացված տվյալների համաձայն՝ շուրջ 3000 երեխա առաջին դասարան է հաճախել սահմանված տարիքից ուշ՝ 7 տարեկանում. «Սա նշանակում է, որ 3000 երեխա անցած տարի օրենքով սահմանված ժամկետում չի հաճախել դպրոց: Պատճառն այն է, որ որոշ ծնողներ գտնում են, որ հինգուկես տարեկանը վաղ տարիք է դպրոց հաճախելու համար և մեկ տարով հետաձգում են տվյալ գործընթացի մեկնարկը: Նման դեպքերում խնդիրը, մեր կարծիքով կարող է լուծում ստանալ բացատրական աշխատանքների շնորհիվ, որը ծնողի հետ պետք է կատարվի տեղական մարմինների և դեպք վարողների հետ, որոնք սոցիալական աշխատողներ են»,- նշել է Ս. Մակյանը՝ հավելելով Հայաստանում կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը փոխկապակցված է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ:
Դիտարկումները ցույց են տալիս, որ դպրոց չհաճախող և կրթությունն անավարտ թողած երեխաների մեծ մասը սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներից են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական դեպք վարողի գործառույթները. «Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները շատ տարբեր են՝ սկսած կրոնական և ազգային սովորույթներից, վերջացրած կոշիկ կամ հագուստ չունենանալու պատճառները: Լոռու մարզում իրականացված փորձնական ծրագիրը բացահայտել է հիմնական խնդիրները: Սոցիալական աշխատողը պատասխանատու աշխատանք պետք է կատարի յուրաքանչյուր նման ընտանիքի հետ՝ հասնելով այն նպատակին, որ ընտանիքը երեխային անպայման դպրոց տանի, քանի որ կրթությունը միաժամանակ դիտարկվում է նաև աղքատության հաղթահարման հիմնական գործոններից մեկը»,- նշել է Ա. Մինասյանը:
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը անդրադարձել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման գնահատման և շեղումների վաղ հայտնաբերման կարևորությանը:
Նշենք, որ ներկայացված «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգի» հիմնական նպատակն է դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումը՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում: