Բարձր է գնահատվել ԵԽ շրջանակում ձևավորված համագործակցությունը

2017-11-03

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն  Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին, Եվրոխորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին: Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը և ցուցաբերած աջակցությունը: Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ` «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» և «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում:  Վահրամ Մկրտչյանը նշել է, որ առաջին ծրագրի խնդիրն էր աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Նրա խոսքով` ծրագրի արդյունքում մշակվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը, և ներկայումս անհրաժեշտություն կա  դրա արդյունքների ամփոփման և գործնական կիրառության: Երկրորդ ծրագրի շրջանակում իրականացվել է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ, ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Հետևաբար, ըստ նախարարի տեղակալի` ԿԳՆ-ն շահագրգիռ է վերոնշյալ ծրագրերի շարունակության հարցում:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին նշել է, որ առաջին ծրագրի արդյունքում բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ բարձրացել է իրազեկության մակարդակը շահառուների շրջանում, ինչպես նաև դրանց համար մշակվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ծրագրի շրջանակում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակիցների համար մշակված տիպային էթիկայի կանոնագրքեր:  Բացի այդ, ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը և թափանցիկությունը խթանող հաշվետվությունների առցանց հարթակ: Դավիթ Սահակյանը ևս հաստատել է ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը:

ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի խոսքով` նա Հայաստանում է` արձանագրելու Եվրոխորհրդի հետ իրականացված ծրագրերի ձեռքբերումները և նախանշելու ապագա ծրագրերը: Նրա խոսքով` պետության ժողովրդավարության կայացման ճանապարհին  կրթությունն առանցքային դերակատարում ունի, հետևաբար անհրաժեշտ է ներդրումներ կատարել այդ ոլորտում: ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենը նշել է, որ իրականացված երկու ծրագրերի արդյունքում արձանագրվել են լավ արդյունքներ, և ԵԽ-ն պատրաստակամ է լսել ԿԳՆ առաջարկությունները` հետագա համագործակցության վերաբերյալ: Նրա խոսքով` ներկայումս հնարավորություն կա իրականացնել բազմակողմանի ծրագիր` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարության ոլորտում: Հանդիպման ավարտին Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Ժամանանակից լեզուների եվրոպական կենտրոնում կառուցողական աշխատանքի համար:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։