Ծրագիրը կապահովի համայնքային զարգացում
2010-02-22
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի «Պարենի Համաշխարհային ծրագրի» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Մահա Ահմադին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Պարենի համաշխարհային ծրագրի» շրջանակում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության խնդիրը: Ծրագիրը մեկնարկել է 2002 թվականին և գործել մինչև 2008թվականը:
Ամփոփելով նախորդ ծրագրի արդյունքները` Մոհա Ահմադը նշեց, որ նախորդ ծրագրի շրջանակում կենտրոնը համագործակցել է մարզային կրթության վարչությունների հետ և անհրաժեշտություն է առաջացել ակտիվացնել համագործակցությունը նաև ԿԳ նախարարության հետ, որը հիմքեր կստեղծի ՊՀԾ-ի շարունակական ընթացքն ապահովելու համար, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագիրը կնպաստի տեղական գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը:
Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով ՊՀԾ-ի նոր նախաձեռնությունը, նշեց. «Կրթության և գիտության նախարարությունը շահագրգռված է ծրագրի իրականացման գործում, որովհետև այն հնարավորություն է տալիս դպրոցը դիտարկել նաև որպես շրջակա միջավայրի տնտեսական իրավիճակի վրա ազդեցություն ունեցող գործոն: Այն կարող է նպաստել նաև դպրոցի հասարակական վարկի բարձրացմանը` հնարավորություն տալով այդ ամենն օգտագործել ի նպաստ երեխաների զարգացման»:
Հանդիպման ընթացքում համաձանություն ձեռքբերվեց «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքները շարունակել` դարձնելով այն կարևոր գործիք համայնքի զարգացման համար: