Քննարկում-սեմինար՝ «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով

2017-10-31

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտը նախաձեռնել է քննարկումների շարք, որոնք նպատակ ունեն աշխատանքային և մասնագիտական մակարդակում բարձրացնել ոլորտային խնդիրները և դրանց շուրջ ծավալել շահագրգիռ քննարկում: Շարքի հերթական քննարկում-սեմինարը տեղի է ունեցել այսօր՝ «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով: Քննարկմանն մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, մարզային կրթության վարչությունների, Սննդի անվտանգության պետական տեսչության, Երևանի քաղաքապետարանի և տարբեր դպրոցների ներկայացուցիչներ: Բացման խոսքում Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, շեշտելով ուսումնական գործընթացի և դպրոցականների առողջության փոխկապակցվածության հարցը, ընդգծել է պետության կողմից սահմանված նորմատիվ պահանջների պահպանման կարևորությունը. «Այս քննարկումների նպատակն է բարձրաձայնել խնդիրները և փորձել իրականացնել այն, ինչը սահմանված է իրավական ակտերով: Այս գործընթացում ամենակարևորն այն է, որ պետք է փորձենք ազնիվ լինել նորմատիվային պահանջների և համակարգում առկա իրականության  հետ: Ի վերջո, եթե տարբեր պատճառներով չենք կարող որոշ նորմատիվներ իրագործել և իրավիճակը բարելավել դրական առումով, գոնե չվնասենք: Մենք պետք է ազնվորեն նշենք, որ միգուցե չենք կարող  պահպանել  որոշ նորմատիվային պայմաններ, որովհետև չունենք համապատասխան հնարավորություններ, բայց կան նաև խնդիրներ, որոնք կարող են լուծում ստանալ: Օրինակ դասացուցակի կազմման պահանջները՝ առարկաների ուսումնառության մատչելիության ճիշտ հերթականությամբ, կրկնակի դասերի նվազագույնի հասցնելու, իսկ կրտսեր դպրոցում իսպառ բացառելու սկզբունքով, որովհետև դա նորմատիվ պահանջ է: Խնդիրներն, իհարկե, տարբեր են. մենք մի դեպքում կարող ենք և պարտավոր ենք նորմատիվները պահպանել անշեղորեն, կան նաև դեպքեր, երբ պետք է խոստովանել, որ դրանք կամ  հին են, կամ ոչ իրատեսական, կամ էլ դրսից բերված և տեղայնացված չեն: Հետևաբար, պետք է դրանք վերանայել՝ նպատակ ունենալով պահպանել սովորողի առողջությունը»,- իր խոսքում նշել է  Նորայր Ղուկասյանը:  ԿԱԻ տնօրենը կարևորել է նորմատիվ ակտերի իմացությունը, որը կարևոր է դասացուցակները կազմելու համար՝ ուսումնական շաբաթվա առավել ընկալունակ օրերի իմացությունն  ուսումնական գծով փոխտնօրենի համար պարտադիր է: Կան նաև տարբեր խնդիրներ՝ պայմանավորված դասագրքերի տեխնիկական, սանիտարահիգիենիկ և բովանդակային պահանջներով, ինչպես նաև աշակերտների խտության, դպրոցական սննդի կազմակերպման և բազմաթիվ այլ հարցերով: Ն. Ղուկասյանի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե պետության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել դպրոցականների առողջության պահպանման ուղղությամբ, ըստ պատասխանատվության ոլորտների և ինչ քայլեր են ձեռնարկվելու բացասական գործոնները վերացնելու ուղղությամբ: Կան խնդիրներ, որոնց լուծման հասցեատերը մեկ մարմին չի կարող լինել, դրանք համատեղ և համագործակցված լուծումներ են պահանջում. «Ի վերջո, եթե սովորողի առողջությունը լիովին ապահովված չէ, որակի և արդյունավետության մասին չի կարող խոսք լինել»,- շեշտել է Ն. Ղուկասյանը:

Սեմինարի ընթացքում գլխավոր զեկույցով  հանդես է եկել ԿԱԻ առողջության և սոցիալ-հոգեբանական հետազոտությունների բաժնի պետ Ժասմինա Մաշուրյանը: Բանախոսը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել սովորողների առողջության վերաբերյալ՝ հղում անելով միջազգային հետազոտական որոշակի տվյալներին: Անդրադառնալով նորմատիվ ակտերին՝ նշվել են մի շարք խնդրահարույց պահանջներ, որոնք առնչվում են դասագրքերի և դպրոցական պայուսակների քաշին, տնային առաջադրանքներին հատկացվող ժամանակահատվածին, դասացուցակներին, դպրոցական սննդին, դասասենյակների մակերեսին: Առանձին անդրադարձ է արվել դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ-ի կիրառման նորմատիվներին, նշվել է, որ առաջին դասարանում դասի ժամանակ 10 րոպեից ավելի համակարգչի կիրառումը ընդունելի չէ: Թվարկվել են դպրոցական սննդի թույլատրելի տեսակները և դրա կազմակերպման և վերահսկողության նորմատիվային պահանջները: Առանձնակի շեշտվել է տնային առաջադրանքների ծավալը և ծանրաբեռնվածությունը, որը ևս դիտարկվում է սովորողի առողջությանը վնասող գործոն:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած սեմինար- քննարկումները լինելու են շարունակական:  Հաջորդ քննարկումը նվիրված է լինելու ուսումնական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառման խնդրին:   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։