Հավաստագրերը հանձնել է գլխավոր քարտուղարը

2017-10-31

Երևանի պետական հումանիտար քոլեջում տեղի է ունեցել գերմաներեն լեզվի իմացության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը: Դավիթ Սահակյանը, շնորհավորելով ուսանողներին, ընդգծել է կրթության կարևորությունը երիտասարդների համար: «Ժամանակակից աշխարհում կրթությունն ամենակարևոր ներդրումն է, քանի որ բոլորս ականատես ենք, թե ինչ արագ է փոփոխվում աշխարհը, ինչպես են առաջանում նոր և անհետանում երբեմնի տարածված մասնագիտություններ, բայց այդ ամենի հետ մեկտեղ մնայուն է մնում յոււրաքանչյուրի կրթությունը: Եվ այս փոփոխական աշխարհում հենց այդ անհատական կապիտալն է, որ ոչ ոք չի կարող խլել, այն յուրաքանչյուրի բարօրության գրավականն է: Մեր փոքր երկիր լինելը, ի թիվս իր բացասական կողմերի, ունի բավականին լուրջ առավելություն՝ յուրաքանչյուրի նվաճումն իր ազդեցությունն է ունենում երկրի կրթության ճանապարհի և բարօրության վրա: Այսինքն` երբ յուրաքանչյուրս կարողանում եք մեր տեղը գտնել և առաջին հերթին օգտակար լինել մեր ընտանիքին, դրանով նաև օգտակար ենք լինում մեր երկրին և առաջ տանում այն: Որպես փոքր երկիր` կարևոր է նաև օտար լեզուների իմացությունը: Դրանով ոչ միայն կարողանում ենք ավելի լավ հաղորդակցվել աշխարհի հետ, այլ նաև ներկայացնել մեր մշակույթն աշխարհին: Այս իմաստով գերմաներեն լեզվի իմացությունը շատ կարևոր է, որովհետև դրա միջոցով հաղորդակցվելու ենք այդ երկրի մեծ մշակույթին: Կրթության ճանապարհն ամենաճիշտ և շնորհակալ ուղին է, և անկախ դժվարություններից` այդ ճանապարհից երբեք չշեղվեք»,-դիմելով ուսանողներին` նշել է Դավիթ Սահակյանը:

ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկն իր հերթին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում: «Առանձնահատուկ նվեր է ինձ համար` լինել ձեր երկրում և ծանոթանալ նրա հրաշալի մշակույթին: Իմ աշխատանքով պայմանավորված` ես ներդնում եմ իմ ողջ ջանքերը, որպեսզի այսօր աշխարհում ավելի շատ դպրոցներ առավել լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Հպարտ եմ, որ իմ երկիրը կարողանում է աջակցել Հայաստանի ուսումնական հաստատություններին, այդ թվում` գերմաներենի տարածման գործում: Օտար լեզուների իմացությունն այսօր իսկապես շատ կարևոր է, քանի որ այն շատ դռներ է բացում մեր առջև: Գերմաներենի իմացության այս  դիպլոմները ճանաչված են աշխարհի շատ երկրներում, որը կօգնի շատերին` առանց լեզվի իմացության այլ վկայակաների աշխատանք գտնել և շարունակել իրենց կրթությունը»,-նշել է նա:

Նշենք, որ Երևանի պետական հումանիտար քոլեջի մի շարք ուսանողներ, հաջողությամբ հաղթահարելով գերմաներենի իմացության բավարար շեմը, ստացել են համապատասխան հավաստագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։