ԿԳ նախարարն ընդունել է Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին
2017-10-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին:
Շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն ընդգծել է, որ միաբանությունն անփոխարինելի և հսկայական դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգևոր, կրթական և գիտամշակութային կյանքում: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր միաբանությունը բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում:
Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին՝ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, հայապահպանությանն ու սերունդների կրթության ապահովման գործում կարևորելով հայրենիք-սփյուռք ամուր գործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում արևմտահայերենի զարգացման հետ կապված խնդիրներ: