Անգլերեն լեզվի դասավանդման խնդիրները՝ հանդիպման առանցքում
2017-10-24
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնին և մշակութային կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին:
Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի» նախագիծը նաև միջազգային կառույցների հետ ճկուն համագործակցության հնարավորություն կընձեռի՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում: Այդ համատեքստում ԿԳ նախարարը կարևորել է նման ձևաչափի աշխատանքային հանդիպումները, որոնք առավել գործուն արդյունքներ են արձանագրում: Լևոն Մկրտչյանը կարևորել է նաև անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման և անգլերեն լեզվի դասավանդման գործընթացի շրջանակում տրամադրվող ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:
Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախագծին: Ռոբերտ Անդերսոնը պատրաստակամություն է հայտնել՝ ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերեն լեզվի դասավանդման և ուսուցիչների վերապատրասման գործընթացներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտին վերաբերվող ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցեր: