«Հայաստան-Եվրոպա. ինտեգրում և կրթություն»

2010-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Շնորհավորելով տիկին Գերչևային` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,  նախարարը նշեց, որ կրթության ոլորտում նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնպաստեն համագործակցության դաշտի ընդլայնմանը:

 Ա. Աշոտյանը մանրամասնեց, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն առկա ծրագրերի պահպանմանը, այլև նոր նախագծերի իրականացմանը. «Մեր առաքելությունը մեկն է. մենք կիսում ենք ՄԱԿ-ի արժեքային համակարգը, և այդ համատեքստում մեր նպատակները և  ուղիները տարբեր լինել չեն կարող»,-նշեց նախարարը:
Տիկին Գերչևան, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար, նշեց, որ նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակակալությունների միջև երկարաժամկետ և արգասաբեր համագործակցության արդյունքներն, իրոք, տպավորիչ են և հավելեց, որ, չնայած արձանագրված հաջողություններին, դեռևս կան բնագավառներ, որտեղ առկա են խնդիրներ և անհրաժեշտ է երկուստեք կամք` դիմագրավելու նոր մարտահրավերներին: Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի զարգացման և աջակցության հնգամյա ծրագրի մաս  կազմող ՄԱԿ-ի զարգացման գործակալության 2010-15թթ. ծրագրի հիմնական առաջնահերթությունները համաձայնեցված են  ՀՀ կառավարության հետ և շեշտեց, որ ապագա համագործակցության տեսանկյունից ներդրումները մարդկային ռեսուրսների զարգացման և կրթական բարեփոխումների առումով խիստ կարևորված են: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծեց, որ դինամիկ փոփոխություններին զուգընթաց` կրթական համակարգը ևս պետք է բարեփոխվի: Նա նշեց, որ Հայաստանում կրթական բազմաթիվ ծրագրեր իրականացվում են Եվրամիության աջակցությամբ և միտված են ինտեգրվելու եվրոպական կրթական տարածք: Նա փաստեց, որ ՀՀ նախագահը, կարևորելով կրթական ոլորտի բարեփոխումները, Եվրամիության խորհրդատուների խմբին առաջարկել է խորհրդատու նշանակել նաև կրթական ոլորտում` բարեփոխումներին սատարելու համար:
Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` նախարարը նշեց, որ խորհրդատուից նախևառաջ ակնկալվում է եվրոպական կրթական փորձի վերլուծություն և առաջին աղբյուրից տեղեկատվության ստացում, և երկրորդ` միջազգային կապերի, այդ թվում նաև այլ երկրների հետ երկկողմանի կապերի ընդլայնման աջակցություն: «Մենք ակտիվ համագործակցում ենք ԵՄ մի շարք, հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրների հետ, և ցանկալի է վեկտորն ուղղել դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրներ: Որպես 2010 թվականի կարգախոս` մենք առաջնորդվելու ենք «Հայաստան-Եվրոպա. ինտեգրում և կրթություն» նշանաբանով: Կրթական ինտեգրումն այն կարևոր հարթություններից մեկն է, որը պետք է համաքայլ լինի տնտեսական և քաղաքական համագործակցությանը»,-նշեց նախարարը և հավելեց, որ ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ իրականացվող նախագծերում քննարկվում են շուրջ 10 միկրոծրագրեր` հույս հայտնելով, որ այդ ծրագրերը նույնքան արդյունավետ կլինեն մասնագիտական կրթության ոլորտում` սարքավորումների մատակարարման, ձեռնարկների մշակման և մեթոդաբանության առումով: Նախարարը նշեց, որ գործակալության աջակցության խնդիր կա նաև Որակավորումների ազգային շրջանակի ձևավորման գործընթացում, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման հարցում: Վերջինիս վերաբերյալ նախարարությունն աջակցության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին: «Առանց համապատասխան ենթաօրենսդրական ակտերի` ոչ մի լավ օրենք չի կարող լիարժեք գործել: Կրթական բարեփոխումներ իրականացնելը բարդ է. մի կողմից համակարգը պահպանողական է, մյուս կողմից` կրթությունը պարտավոր է փոփոխվել` արագ զարգացող աշխարհին զուգընթաց: Այս երկու փիլիսոփայական մոտեցմամբ էլ պիտի առաջնորդվենք»,-նշեց նախարարը:
Հանդիպման ավարտին նախանշվեցին նաև բարեփոխումների թափանցիկության և մատչելիության բարձրացմանը միտված համատեղ գործունեության եզրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։