Ազդարարվել է «Կորյուն» ռազմամարզական խաղերի մեկնարկը
2017-10-24
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի բարելավման և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման նպատակով ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև կազմակերպում և անցկացնում է «Կորյուն» ռազմամարզական խաղերը: «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոցում» օրերս տեղի է ունեցել «Կորյուն» ռազմամարզական խաղերի առաջին փուլի բացման և դպրոցի նորաթուխ սաների երդման արարողությանը նվիրված միջոցառումները, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներ Լևոն Մկրտչյանը և Վիգեն Սարգսյանը:
«Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Թովմասյանը, անդրադառնալով «Կորյուն» ռազմամարզական խաղերին, մասնավորապես, նշել է. ««Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների դաստիարակմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նրանց մեջ արիության, խիզախության, տոկունության, ընկերական համերաշխության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության և «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամրապնդմանը: Այսօր, դուք ականատես դարձաք Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոցում սովորողների երդման արարողությանը: Այն դպրոցականների համար ոչ միայն արարողակարգ է, այլ նաև ապագայի հանդեպ հավատքի և անհատի խոստում առ հայրենիք»:
Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո «Կորյունականները» սկսել են «Կարգապահ և ներդաշնակ» ու «Արագ և դիպուկ» մրցաձևերում իրենց մրցապայքարը: Նշենք, որ «Կորյուն» ռազմամարզական խաղերն անց են կացվում չորս փուլով` ուսումնական հաստատությունում անցկացվող, տարածքային, մարզային և հանրապետական: