25 շրջանավարտ ստացել է երկլեզու ուսուցման վկայական
2017-10-10
Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ: Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած արդեն երկրորդ խումբ շրջանավարտները` թվով 13 աշակերտ, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդ Նատալիս Ցագրիսը, Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, ինչպես նաև վկայականների արժանացած շրջանավարտները: Շնորհավորելով աշակերտներին` իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ վկայականների ճանաչման ուղղությամբ հետևողական ջանքեր գործադրելու արդյունքում արդեն երկրորդ սերունդն է, որն ունի Ֆրանսիայի կողմից հաստատագրված որակի չափանիշ: «Ֆրանսերենի պարագայում դպրոցական կրթությունից հետո արդեն կարողանում ենք առաջարկել Ֆրանսիայի կողմից Հայաստանում ճանաչված նույն որակի բարձրագույն կրթություն՝ ի դեմս Ֆրանսիական համալասարանի: Այսպիսով՝ կրթական շղթան ամբողջանում է»,-նշել է նախարարի տեղակալը` շրջանավարտներին մաղթելով նմանատիպ հաջողություններ գրանցել նաև բուհական համակարգում:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրի շրջանակում ներդրված համատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տվել, և այսօր արդեն 25 շրջանավարտ ստանում է երկլեզու ուսուցման վկայական: «Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ֆրասնսերեն լեզվի ուսուցմանը, հատկապես երբ ապահովվում է դրա շարունակականությունը. դպրոցի շրջանավարտների մի մասն իր ուսումը շարունակում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում»,-նշել է նա` ընդգծելով, որ նախորդ տարի Հայ-ֆրանսիական լիցեի 6 շրջանավարտ է դիմել Ֆրանսիական համալսարան, այս տարի` 10: Ալեքս Բորտոլանի խոսքով` հաջորդ տարվանից մեծ առավելություններ են սպասվում այն դիմորդներին, ովքեր ունեն այս ավարտական սերտիֆիկատը: Ըստ նրա` ովքեր արդեն իսկ ունեն այդ փաստաթուղթը, կարող են իրենց ցանկությամբ հանձնել ֆրանսերենի իմացության Delf միջազգային քննությունը, որը հաջորդ տարվանից պարտադիր է լինելու: Եթե դիմորդն ունի լեզվի իմացության B1 մակարդակ, ապա նա կարող է ֆրանսերեն լեզվի քննություն չհանձնել Ֆրանսիական համալսարանում, իսկ եթե ունի B2 մակարդակ, ապա 100 տոկոսանոց զեղչի հնարավորություն կունենա վերոնշյալ բուհում: Այսինքն` առավելությունները մեծանում են, որոնց արդյունքում ավելանում է նաև լիցեի աշակերտների թիվը: Այս մասին նշել է Ալեքս Բորտոլանը` ընդգծելով, որ ամեն տարի Ֆրանսիական լիցեյ է ժամանում ֆրանսերեն լեզվի ուսուցիչ:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շրջանավարտներին հանձնել է վկայականները: