ԿԳ նախարարն ընդունել է «Samsung» ընկերության պատվիրակությանը
2017-10-06
Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Samsung» ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն աշխատանքներ է տանում տեսադասերի կազմակերպման մեթոդական մոտեցումների ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գյուղական դպրոցներում կրթության որակի ապահովման անհրաժեշտության, աշակերտներին սովորելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ: Այդ առումով, ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung» -ի նման միջազգային կորպորացիայի հետ համագործակցության հնարավորությունը:
Իր հերթին «Samsung»-ի փոխնախագահ Սիկ Չոյը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ իրենց կորպորացիայի կողմից մշակված պլանշետների էլեկտրոնային կրթական բովանդակության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր իրականացնելու հեռանկարի հետ կապված մի շարք հարցեր: