Սեմինար՝ «Փախստականները և որակավորումների ճանաչումը»
2017-10-03
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն (ԱՓՇԱՏԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Փախստականները և որակավորումների ճանաչումը» թեմայով սեմինար-քննարկում, որը նպատակ ուներ ներկայացնել փախստականների կրթական որակավորումների ճանաչման միջազգային մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Ա. Պապոյանն իր խոսքում նշել է, որ փախստականների որակավորումների ճանաչումը կրթական լուրջ հիմնահարց է և այս առումով փորձագետների առաջարկությունը կարևոր է գործնական քայլերի առաջարկ ձևավորելու նպատակով:
ԱՓՇԱՏԿ տնօրեն Գայանե Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է Լիսաբոնի ճանաչման կոնվեցիային, որը կարգավորում է կրթական որակավորումների ճանաչման միջազգային գործընթացը. «Որակավորումներ ասելով սովորաբոր հասկանում ենք բոլոր տեսակի կրթական ավարտական փաստաթղթերը՝ դիպլոմներ, վկայագրեր, վկայականներ, դասընթացի մասնակցության վերաբերյալ հավաստագրեր, որոնք շնորհվում են շրջանավարտներին: Լիսաբոնի կոնվենցիան վավերացրել են 54 եվրոպական երկրներ, քանի որ փաստաթուղթը վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից սահմանված Եվրոպական տարածքի երկրներին: Լիսաբոնի կոնվեցիան ընկած է նաև Բոլոնիայի գործընթացի հիմքում»,- նշել է Գ. Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ևս միացել է այդ միջազգային փաստաթղթին: Սահմանված է հետևողական վերահսկողություն, թե ինչպես է Լիսաբոնի գործընթացն իրականացվում ազգային մակարդակներում: Ըստ բանախոսի՝ կոնվենցիայի 7-րդ հոդվածը վերաբերում է փախստականների կրթական որակավորումների ճանաչմանը: Ըստ այդմ սահմանվում է, որ կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ստեղծել փախստականների կրթական որակավորումների ճանաչման ազգային մեխանիզմներ: Կատարված առաջին հետազոտությունը ցույց է տալիս, որ միայն 8 երկրներ են մշակել ներքին ազգային ընթացակարգեր՝ գնահատելու փախստականների որակավորումները, 6 երկրներում կան ինստիտուցիոնալ ընթացակարգեր, իսկ 37 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ընդհանրապես կոնվենցիայի 7-րդ հոդվածի կիրարկման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Ըստ բանախոսի՝ 2016 թվականի փետրվարին Լիսաբոնի կոնվենցիայի 7-րդ նստաշրջանում ընդունվել է հայտարարություն՝ փախստականների կրթական որակավորումների ճանաչման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություն է եղել մշակել միասնական փաստաթուղթ, որը կարող է հիմք ընդունվել բոլոր երկրների համար:
Սեմինարի ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում փախստականների որակավորումների ճանաչման մեխանիզմների ստեղծման նախադրյալներին: Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է՝ ԵՄ ֆինանսավորմամբ: