Հայաստանում կազմակերպվել է Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան

2017-10-02

 

Սեպտեմբերի 25-30-ը տեղի է ունեցել Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 6 երկրների` Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Մոլդովայի 16-18 տարեկան ֆրանկոֆոն պատանիներ: Օլիմպիադայի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, իսկ փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել  նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` նախարարը կարևորել է նմանատիպ միջազգային օլիմպիադաների անցկացումը` ընդգծելով, որ այս միջոցառումն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: Ըստ Լևոն Մկրտչյանի` 2012 թվականին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ անդամ-երկիրը: Նախարարի խոսքով` հաջորդ տարի Հայաստանում է անցկացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, հետևաբար 2018 թվականի ընթացքում մեր երկրում տեղի են ունենալու ֆրանկոֆոնիային նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման ավարտին Լևոն Մկրտչյանն առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին հանձնել է պարգևներ:

Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 33 պատանի, ովքեր մրցել են լեզվի իմացության երկու մակարդակներում՝ B1 և B2։ Մրցույթն իրականացվել է գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Բանավոր փուլում պահանջվել է թիմային աշխատանք։ Օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր մասնակից երկրի ֆրանսերենի 1-ական մասնագետից:

Նշենք, որ ֆրանսերենի նախորդ օլիմպիադաներն անցկացվել են Ռումինիայում և Բուլղարիայում, իսկ հաջորդը տեղի կունենա Մակեդոնիայում: Օլիմպիադան նպատակ ունի ամրապնդել ֆրանսերենի գործածումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի պատանիների շրջանում, խորացնել նրանց հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև խրախուսել երկխոսությունը ֆրանկոֆոն գործընկերների միջև, զարգացնել պատանիների ստեղծագործական միտքը և նրանց թիմային աշխատանքի կարողությունները տարբեր մշակութային արժեքների համատեքստում:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։