Կրթության որակը` որպես առաջնահերթություն
2017-09-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և Առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների լիցենզավորման ավագ աշխատակից Ավիտալ Վեներ-Աումանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ հարցեր, մասնավորապես, իսրայելական կողմին հետաքրքրել է ՀՀ բուհերում բժշկական մասնագիտությունների գծով կրթության որակի վերահսկողության ընթացակարգը:
Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության որակի նկատմամբ վերահսկողության և արդյունավետության բարձրացման խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն անդամակցում է Բոլոնիայի գործընթացին, և մեր կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքի մաս է կազմում: Ըստ Լևոն Մկրտչյանի` վերջին շրջանում նախարարության որդեգրած քաղաքականությունը միտված է լիցենզիայի պայմանների խստացմանն ու որակի ապահովման նկատմամբ վերահսկողության նոր մեխանիզմների ներդրմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության շրջանակում որոշակի ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, ուսանողների և դասախոսների շարժունության ապահովման և կրկնակի դիպլոմների տրամադրման տեսանկյունից:
Նշենք, որ այցի ընթացքում իսրայելական պատվիրակությունը հանդիպել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական, Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանների ղեկավար կազմի և ուսանողների հետ: