ՀՕՖ ներկայացուցիչների հետ քննարկվել է ներառական կրթության հիմնախնդիրները
2017-09-27
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ օգնության ֆոնդի բարերարների և գործադիր կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված հատուկ դպրոցների մանկավարժահոգեբանական կենտրոնների վերակազմավորման խնդիրը: ՀՕՖ ներկայացուցիչները, ընդգծելով, որ բարեգործական կազմակերպության կողմից տարիներ շարունակ լուրջ ներդրումներ են կատարվել Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում, մասնավորապես վերանորոգվել և կահավորվել են դասասենյակները, ննջասենյակները, ճաշարանը, կառուցվել է թեքահարթակ, տեղադրվել հարմարեցված վերելակ, ստեղծվել են փայտամշակման, խեցեգործության, կոշկակարության, կարուձևի արհեստանոցներ, հետաքրքրվել են դպրոցի հետագա կարգավիճակով :
ԿԳ նախարարի տեղակալը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին` կրթության ոլորտում իրականցված բարեգործական ծրագրերի համար. «Բարեգործությունը հատկապես կրթության ոլորտում, սովորական գործունեություն չէ, այն նախևառաջ սիրտ և հոգի է, օրինակ և ապրելու մշակույթ: Կատարված կարևոր աշխատանքի համար առանձնակի շնորհակալ ենք»,- նշել է Դ. Սահակյանը և հանգամանլի ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր ուղղություններից մեկն էլ համընդհանուր ներառականության անցում կատարելն է. «Մենք որդեգրել ենք համընդհանուր ներառականության քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է կրթության առանձնահատաուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին չառանձնացնել այլ երեխաներից: Ըստ ժամանակացույցի Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր կրթությունն ստանա բնական միջավայրում՝ իր ընտանիքին և բնակավայրին մոտ: Սա կարևոր է հանրային կյանքում այդ երեխաների հետագա ինտեգրման առումով՝ որպեսզի նրանք ի սկզբանե սովորեն ապրել հասարակության մեջ, իսկ հասարակությունն էլ վարժվի և ընդունի այդ երեխաներին: Մենք հասկանում ենք, որ սա շատ բարդ գործընթաց է, այդ պատճառով էլ ծրագիրն իրականացնում ենք մարզ առ մարզ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հավելել, որ կառավարության կողմից հաստատվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների ծրագիր: Այս ուսումնական տարվանից ներդրվել է նաև նոր ինստիտուտ՝ դպրոցներում արդեն կան ուսուցչի օգնականներ, որոնք պետք է աջակցեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին: Դավիթ Սահակյանի խոսքով՝ ՀՀ-ում նախատեսվում է ունենալ մի քանի հատուկ դպրոց՝ որոշակի խմբի երեխաների համար / տեսողական, լսողական և մտավոր խնդիրներ ունեցողների համար/:
Անդրադառնալով Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ 2020 թվականին այն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի, քանի որ Գեղարքունիքի մարզի միակ հատուկ դպրոցն է: Այնտեղ սովորող երեխաները, կարիքի գնահատման արդյունքերից ելնելով, կրթություն կստանան սովորական հանրակրթական դպրոցներում , իսկ բարերարների աջակցությամբ ստեղծված արհեստագործական կրթական բազան կօգտագործվի դարձյալ կրթական նպատակներով:
«Նախարարությունը բաց է ցանկացած առաջարկության և գաղափարի համար և բարեգործները, ովքեր աջակցել են դպրոցի բարեկարգմանը և արդիականացմանը նույնպես կարող են հանդես գալ տարբեր առաջարկներով»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ համատեղ քննարկումների արդյունքում ստեղծված կրթական բազան կօգտագործվի նպատակային: