Մտածելակերպի փոփոխությունը` բարեփոխումների հաջողության գրավական

2010-04-14

Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում այսօր մեկնարկեցին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման եռամսյա դասընթացները, որոնք կկազմակերպվեն Երևանի և մարզերի 49 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 85 քոլեջի և արհեստագործական ուսումնարանի շուրջ 1200 դասախոսի և արտադրական ուսուցման վարպետի մասնակցությամբ:
Դասընթացների մեկնարկին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դասընթացների անցկացման համար հիմք է ծառայել մասնագիտական պետական կրթական 61 չափորոշչի հաստատումը, որոնք փորձաքննության են ենթարկվել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովող մասնակցային մոտեցման կիրառմամբ` ապահովելով սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում, որից հետո հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և պետական գրանցում ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Չափորոշիչներից 56-ը մշակել է Կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» (ՄԿՈՒԶԱԿ), ևս 5-ը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում: Դասընթացները կիրականացնի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»` Եվրամիության Հայաստանին տրամադրված բյուջետային աջակցության շրջանակում:
Մինչ բուն վերապատրաստման դասընթացների մեկնարկը նախարարը նախ շրջեց Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում, որն ընդգրկված է Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում: Ծրագրի շրջանակում իրականացվել են քոլեջի կարողությունների ընդլայնում, վերանորոգման աշխատանքներ, համապատասխան սարքավորումներով նյութատեխնիկական բազայի համալրում, դասախոսական կազմի վերապատրաստում: Այցի ընթացքում նախարարը շրջեց նաև լսարաններում, զրուցեց դասախոսների և ուսանողների հետ:
Բացելով վերապատրաստման դասընթացները`Ա. Աշոտյանը նշեց, որ մշակված 61 չափորոշիչների հիմքում դրված է մոդուլային ուսուցման  սկզբունքը և միտված է ուսումնառության արդյունքին և ուսանողների կարողությունների ձևավորմանը:
«Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բոլոր ներդրումները միտված են ՀՀ-ում կրթությունը համապատասխանեցնելու տնտեսական պահանջարկին: Երկար տարիներ «խեղված»է եղել մեր կրթական շուկան, այն է` բարձրագույն կրթության ոլորտում առկա է ավելի մեծ պահանջարկ, քան միջին մասնագիտականում: Եվրոպական երկրներում բուհի 1 շրջանավարտին ընկնում է 3 միջին մասնագիտական կրթությամբ ուսանող: Մեզ մոտ բարձրագույնի և միջին մասնագիտականի հարաբերակցությունը 2.5/1-ի է: Ըստ այդմ` բուրգը խեղված է, և քոլեջների նկատմամբ ուշադրությունը նախևառաջ պայմանավորված է տնտեսությանը լավագույնս սպասարկելու մղումով: Տասնյակ հազարավոր մասնագետներ, ովքեր ավարտել են պետական և ոչ պետական բուհերը, այսօր պահանջված չեն աշխատաշուկայում: Տնտեսության ավելի համահունչ և արագ զարգացումը պահանջում է, որ աշխատուժը լինի ավելի տարբերակված»,-նշեց Ա. Աշոտյանը` հավելելով, որ ներկայումս առկա են ներդրված սոցիալական գործընկերության լավ մեխանիզմներ` գործատուների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ զարգացնելու միջին մասնագիտական կրթության ոլորտը, որը «տնտեսությանը սպասարկելու նպատակով իր վրա պետք է վերցնի ավելի մեծ «բեռ»»: Նախարարը նշեց, որ անցյալ տարի առաջին անգամ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում արձանագրվել է ընդունելության տեղերի գերմրցույթ` լրացվել են բոլոր թափուր տեղերը: «Հուսով եմ, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ: Սա նշանակում է, որ առկա է մտածելակերպի փոփոխություն, կոնկրետ արհեստի և մասնագիտությանը տիրապետելու խնդիր` հետագայում աշխատանք գտնելու նպատակով: Բարեփոխումների հաջողության բանալին մեր բոլորի մտածելակերպի փոփոխությունն է»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ «այս ձևաչափով և այս առիթով վերապատրաստումը, կարելի է ասել, անդրանիկն է իր տեսակով» : Նա վերապատրաստվող անձնակազմին հորդորեց գործընթացը չսահմանափակել ֆորմալ մասնակցությամբ: «Այս վերապատրաստումներն իրենց մեջ կրում են  մի կարևոր առանձնահատկություն` փորձել սովորեցնել իրար և աշխատել նորովի: Հաստատված չափորոշիչներն ընդամենը գործընթացի սկիզբն են և միջավայր ապահովող գործոնը: Ժամանակն է վերականգնել այն հավասարակշռությունը, որը բնորոշ է առողջ կրթական համակարգերի»,-շեշտեց Ա. Աշոտյանը: Նախարարն անդրադարձավ նաև ԵՄ աջակցության «Նոր հարևանության» ծրագրին` նշելով, որ այն ամենախոշորն է միջին մասնագիտական կրթության ոլորտում և միտված է աղքատության նվազման հաղթահարմանը: Իր խոսքում Ա. Աշոտյանը կարևորեց նաև լրացուցիչ և շարունակական կրթության ապահովումը, որը, ըստ նախարարի, դեrևս կայացած չէ մեր հանրապետությունում: «Լրացուցիչ և շարունակական կրթության խնդիրը ևս առաջացել է տնտեսության պահանջարկից: Բազմաթիվ մասնգետներ, մեկ անգամ կրթություն ստանալով, շատ հաճախ հնարավորություն չեն ունենում խորացնել իրենց գիտելիքները և անցնել համապատասխան վերապատրաստում: Համոզված եմ, որ լրացուցիչ կրթությունը հեռանկարային և պիտանի կլինի մեր կրթական համակարգի համար և, որ պակաս կարևոր չէ, կհզորացնի մեր ուսումնական հաստատությունները: Այս ոլորտում առկա է լուրջ ինստիտուցիոնալ և նորմատիվ բարեփոխումների անհրաժեշտություն»,-նշեց նախարարը: Նա ավելացրեց, որ միջին մասնագիտական կրթության ոլորտը սոցիալական գործընկերության և միջազգային համագործակցության տեսակետից առաջատարն է:
Հանդիպման ավարտին նախարարը հաջողություն մաղթեց վերապատրաստման բոլոր մասնակիցներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։