Շարունակվում է ՌԴ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցը

2017-09-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այսօր այցելել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ մասնակցել են մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները շրջել են դպրոցում, ծանոթացել կրթական հաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արմեն Երիցյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: «Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրումը կարևոր իրադարձություն է և գիտակրթական, և քաղաքական առումով, երբ Ռուսաստանի առաջին համալսարանն իր մասնաճյուղն է հիմնում մեր երկրում: Վստահ եմ, որ մեր գործընկերների օգնությամբ, ովքեր իրենց վրա են վերցրել այս ուսհաստատության կայացման ծանրությունը, քայլ առ քայլ կունենանք լուրջ,  բնական գիտությունների վրա հենված կրթօջախ, որը կնպաստի մեր երկրի անկախության կայացմանն ու զարգացմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի խոսքով՝  պատահական չէ, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի  ավագ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով, ով, ըստ ՌԴ ԿԳ նախարարի, մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը: «Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարևոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն: Արմեն Երիցյանի հիշատակը հավերժ կլինի նաև հենց այս դպրոցի և այս աշակերտների շնորհիվ, ովքեր կսովորեն և կապրեն հանուն իրենց հայրենիքի: Այցեքարտ համարվող ՌԴ ամենահին բուհերից մեկի Երևանի մասնաճյուղի հիմնումը պատահական չէ, որովհետև համալսարանի հոգաբարձուների շարքում նաև բուհի շրջանավարտներն են: Այս դպրոցը հիմնած մարդիկ վստահաբար առաջին հերթին մտածել են իրենց հայրենիքի ապագայի մասին, որովհետև այս կրթօջախը յուրահատուկ է՝ բազմապրոֆիլ, ուսուցման ավանդական ձևերի և նորարարությունների համադրմամբ»,-նշել է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան՝ դպրոցի սաներին մաղթելով դառնալ իրենց հայրենիքի արժանի քաղաքացիներ:

ՀՀ և ՌԴ կրթության և գիտության  նախարարներն  այցելել են նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ Լևոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլևան շրջել են համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին և հետազոտական աշխատանքների համար նախատեսված բոլոր պայմաններին: Այնուհետև նախարարները ներկա են գտնվել համալսարանում  ընթացող ռուսաց լեզվին նվիրված գիտաժողովի փակման նիստին:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու  ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։