Օրակարգում` հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը

2017-09-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է մի շարք դպրոցների տնօրենների և ԿԱԻ փորձագետների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրներին: Ըստ նախարարի` մշակվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որը ներկայացվել է հանրային քննարկման: Լևոն Մկրտչյանի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված  ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության  և այլն: Նախարարն ընդգծել է նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը: «Մենք կարիք ունենք օտար լեզուների ուսուցման որակի արմատական բարելավման։ Եթե ուզում ենք Հայաստանում զարգացնել բնական գիտությունները, ապա պետք է զուգահեռ բարելավենք օտար լեզուների դասավանդման որակը` նկատի ունենալով, որ մասնագիտական գրականության հիմնական մասը օտար լեզվով է: Այդ պատճառով ցանկանում ենք վերականգնել օտար լեզուներով խորացված ուսուցում ունենալու մեթոդիկան։ Սա նշանակում է, որ բացի լեզվից, աշակերտները կսովորեն նաև այդ լեզվով գրականություն, մի փոքր արվեստ, կծանոթանան այդ երկրին, որպեսզի իսկապես կարողանան տիրապետել օտար լեզվին»,-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է քննարկում, որի ընթացքում մասնակիցներն իրենց առաջարկություններն ու դիտողություններն են ներկայացրել ՀՀ հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մշակել գործողությունների ժամանակացույց: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։