Ավարտական և միասնական քննություններին ընդառաջ
2008-12-16
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «2009 թվականի ավարտական և միասնական քննություններ, առարկայական ուղեցույցներ, բուհական նոր մասնագիտություններ» թեմայով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը հայտնեց, որ 2009 թվականի բուհական ընդունելության բոլոր քննությունները (բացառությամբ բանավոր և մի քանի այլ` առանձնահատուկ բնույթ ունեցող առարկաների քննությունների) կկազմակերպվեն թեստային համակարգով:
Անցյալ տարվա միասնական քննակարգով անցկացվող առարկաներին ավելացել են «Քիմիան», «Ֆիզիկան», «Կենսաբանությունը», «Աշխարհագրությունը», «Հայոց պատմությունը» և «Ընդհանուր պատմությունը»: Բ. Եսայանը հայտնեց նաև, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դեկտեմբերի 17-19-ը ՀՀ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-րդ և 10-րդ դասարաններում կազմակերպվելու է ընթացիկ գնահատում: «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» փորձնական փուլի դպրոցների և ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների ընթացիկ գնահատումը կազմակերպվելու է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
ԳԹԿ տնօրեն Մ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ 2009 թվականի առարկայական ուղեցույցները բաժանվել են բոլոր դպրոցներին` աշակերտներին անվճար տրամադրելու համար: Ի դեպ, թեստերի նմուշները փորձարկվել են հանրապետության մի քանի մարզերի, Երևանի և ԼՂՀ-ի դպրոցներում:
Բանախոսները հայտնեցին, որ միասնական ընթացակարգով քննություններ հանձնող շրջանավարտների հայտագրումը կկատարվի հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը: