Օգոստոսյան խորհրդակցությունները մոտենում են եզրագծին
2017-08-30
Տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենները: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարարը նշել է, որ ամփոփելով օգոստոսյան խորհրդակցությունների շարքը՝ ոլորտի ներկայացուցիչներին և հանրությանն է ներկայացվել աշխատանքների այն ողջ ծավալը, որ ողջ տարին պետք է իրականացվի: «Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են բոլորիս ջանքերի միավորում և համալիր աշխատանք՝ անկախ վարչական պատասխանատվությունից: Մենք հիմա միջառարկայական կապերով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձևավորել։ Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որի ներքո կձևավորվի երեք կարևոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր: «Ուսուցիչ» նախաձեռնությամբ էլ ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը և կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով իսկ նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը: Մենք պետք է հասկանանք, որ դպրոցի առաքելությունը եռամիասնության մեջ է՝ գիտելիք, դաստիարակություն և հմտություն: Երբեմն հմտային հատկությունները՝ բնապահպանություն, քաղաքացիական կրթություն, ֆինանսական, ձեռնարկատիրական և տարբեր այլ ուղղություններ, արագ ձևավորում ենք իբրև առարկաներ, մտցնում մեր ուսումնական պլանները և դուրս մղում գիտելիք պարունակող առարկաները: Մենք պետք է կարողանանք դրանք առանձնացնել: Ավագ դպրոցներում պետք է երեխաներին սովորեցնենք հմտություններ, որով նրանք կարողանան ապրել իբրև քաղաքացի: Եթե այս համամասնությունը վերականգնենք, մեր կրթական համակարգում որակը շատ արագ կբարձրանա, որի արդյունքում կպատրաստենք հայրենասեր, իր ուժերին վստահ, աշխարհի բոլոր փոփոխություններին դիմագրավելու պատրաստ և գիտելիք ունեցող երիտասարդ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ հմտությունները պետք է թողնել դպրոցների հայեցողությանը. «Մենք պիտի ունենանք լրացուցիչ հետդասարանային կրթության մշակված 10-12 ծրագիր, որոնք կտրամադրենք դպրոցներին՝ դրանք թողնելով վերջիններիս ընտրությանը: Ծրագրերից երկուսի ֆինանսավորումը պետությունը կվերցնի իր վրա: Առհասարակ, ուսումնական հաստատությունը պետք է սկսի աշխատել դպրոցական ժամերից դուրս: Այս խնդիրները դնել պարտադիրի շրջանակում կամ ստիպել դպրոցներին, իհարկե, ճիշտ չէ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է բեռնաթափել նաև ուսուցչի ավելորդ ծանրաբեռնվածությունը: «Եթե կարողանանք ֆինանսավորման հիմքը գտնել և հասնել նրան, որ յուրաքանչյուր ուսուցիչ ունենա պլանշետ, եթե կարողանանք էլեկտրոնային դասամատյան վարել, խնդիրները մեխանիկորեն կլուծվեն: Ներկայումս այդ հարցով բանակցությունների մեջ ենք մասնավոր սեկտորի հետ: Առհասարակ ուսուցիչը պետք է մեկ աշխատանք կատարի»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը տնօրեններին հորդորել է ակտիվ լինել և իրենց մասնագիտական դիտողությունները հայտնել բոլոր նախագծերի վերաբերյալ: «Ամբողջ տարի լինելու է ակտիվ քննարկումների փուլ, ուստի բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք բովանդակային հարցերի լուրջ ակտիվ քննարկման: Մենք իրավունք չունենք այլևս սխալվելու և շուտափույթ որոշումներ կայացնելու, քանի որ կրթական համակարգում այդ սխալները երևում են 5-10 տարի հետո»,-ընդգծել է նախարարը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար: Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են համընդհանուր ներառականության անցման, երեխայի դպրոց ընդունման և ազատման կարգի, ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի խնդիրներին: