Հաղթողները կմրցեն Բուլղարիայում

2008-12-15

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության, «ԱրմենՏել» ընկերության, Բրիթիշ Քաունսիլի և «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ կազմակերպված «Հմտություններն աշխատանքում» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մրցույթների արդյունքում ժյուրիի կողմից ընտրված Երևանի և Գյումրիի լավագույն չորս թիմերը: Բիզնես-առաջադրանք մրցույթը ազգային և միջազգային մասշտաբի բացառիկ մրցույթներից է, որի նպատակն էր խրախուսել և զարգացնել երիտասարդների ձեռնարկատիրական հմտություններն ու աշխատունակությունը, ինչպես նաև նրանց մղել նորամուծությունների:
Մինչ եզրափակիչը Երևանում և Գյումրիում կազմակերպվել էր երկու մրցույթ, որոնց մասնակցել էր միջին մասնագիտական հաստատությունների 180 ուսանող:
Ժյուրիի կազմում էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը և Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Եզրափակիչ փուլի մրցույթի ժյուրիի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը, ողջունելով բոլոր թիմերին, հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական և հետագայում կընդգրկեն հարապետության բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:
Եզրափակիչ փուլում մրցող չորս թիմից հաղթող ճանաչվեց Գյումրու պետական տեխնիկական քոլեջի թիմը, որն էլ 2009 թվականի մարտ ամսին կմասնակցի Բուլղարիայում կայանալիք միջազգային եզրափակիչ մրցույթին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։