Լևոն Մկրտչյանը մասնակցել է Արցախում մեկնարկած օգոստոսյան խորհրդակցություններին
2017-08-28
2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ» նախաձեռնությանը:
Իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխել են նոր փուլ, ուստի շատ կարևոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան դիմակայել կրթության համակարգի առջև կանգնած մարտահրվերներին և միասնական տեսակետ ձևավորեն կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Նրա խոսքով` անկախության առաջին օրերից ձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել են շարունակական բնույթ: Արդյունքում` ձևավորվել է աշխարհի համար չափելի, ընկալելի և հասկանալի կրթական համակարգ: Առհասարակ, Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգային կրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթական համակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում հանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որոնցով այսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:
ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Կրթության զարգացման պետական ծրագիրը /մինչև 2030 թվական/, որն ունի կարևոր բաղադրիչներ` հանրակրթության պետական ծրագիր, որն ամբողջությամբ կարգավորելու է կրթության ոլորտի զարգացման հեռանկարները: «Մոտակա մի քանի տարիներին պետք է անցնենք հաջորդ կարևոր փուլին՝ կրթության որակի ապահովմանը: Այն գերակա է, քանի որ առանց որակի՝ ձևը շատ արագ կաղավաղվի, և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջև: Նշեմ, որ կրթական ձեռքբերումները միայն անկախության ժամանակաշրջանով չեն պայմանավորված. դրանց հիմքում նաև այն հզոր ներուժն է, որ կուտակել է մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում և հատկապես խորհրդային շրջանում, երբ առկա էր բավականին ուժեղ գիտակրթական համակարգ: Բնականաբար, այսօր այդ ներուժը պետք է համապատասխանեցնել մեր կրթական համակարգին»: Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե արմատապես չփոխվի վերաբերմունքը կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: «Հետևաբար, անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրև մասնագետ և որպես մեր հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը պատասխանել է նաև Արցախի Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների հարցերին, որոնք վերաբերել են «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներին, դասագրքերի որակի, դպրոցում բնագիտական, պատմության առարկաների դրվածքի խնդիրներին:
Իր հերթին Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության կրթության համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք գրեթե նույնական են: Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախի կրթական համակարգը դեռևս չի անցնել 12-ամյա պարտադիր կրթության և գործում է դպրոցների ֆինանսավորման բազային բանաձևը: Սլավիկ Ասրյանի խոսքով` Արցախում գործում է ընդամենը մեկ ավագ դպրոց, որի առջև էլ խնդիր է դրված հասնել Արարատյան բակալավրիատի մակարդակի: Արցախի կրթության նախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում գնալով ակտիվանում է օլիմպիական շարժումը, որի շնորհիվ Արցախի դպրոցականները Հայաստանի հանրապետական օլիմպիադներում տարբեր առարկաների գծով արժանացել են 40 մրցանակների և գովասանագրերի:
Խորհրդակցության ընթացքում ելույթ են ունեցել Ասկերանի շրջանի Իվանյանի, Սարուշենի, Նախիջևանիկի, Բերքաձորի, Ավետարանոցի գյուղերի դպրոցների ներկայացուցիչները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Ասկերանի շրջանի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԳԹԿ ներկայացուցիչ Կարո Նասիբյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է: