Ունիվերսիադայի հաջող մեկնարկ. դեռևս` 3 մեդալ
2017-08-24
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում շարունակվում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Իրենց ելույթներն ավարտել են սպորտային մարմնամարզության տղամարդկանց մրցաշարի օղակների վրա վարժության եզրափակչի մասնակից 8 ուժեղագույն մարմնամարզիկները: ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Արթուր Թովմասյանը նման հաջողության է հասնում արդեն 2-րդ անգամ. Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում 2015թ.-ին կայացած 28-րդ ունիվերսիադայում ևս նա ոսկե մեդալ էր նվաճել: Այսպիսով` Արթուր Թովմասյանը դարձել է ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, մի ցուցանիշ, որին ՀՀ ուսանող մարզիկներից ոչ ոք դեռևս ունիվերսիադաների պատմության մեջ չի հասել:
Նշենք, որ սա ՀՀ պատվիրակության արդեն 3-րդ մեդալն է. մինչ այդ` ծանրամարտի 85կգ քաշայինների մրցապայքարում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է արծաթե մեդալ` արժանանալով խաղերի փոխչեմպիոնի կոչման, իսկ թաեքվոնդոյի մրցաշարում 68կգ քաշայինների մրցապայքարում 23-ամյա Սերգեյ Վարդազարյանն արժանացել է բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում` ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: