Համագործակցության հուշագիր` «Շիրակացու ճեմարանի» և Քուվեյթի հայ ազգային վարժարանի միջև

2017-08-21

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը» և Քուվեյթի հայ ազգային վարժարանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կնքել են համագործակցության հուշագիր, որը ստորագրել են «Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը: Համագործակցության շրջանակում Շիրակացու ճեմարանը պատրաստակամություն է հայտնել Քուվեյթի հայ ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչին և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ օրինակելի է, երբ հայկական վարժարանը Հայաստանից դուրս փորձում է կիրառել հայկական ուսումնական ծրագրեր: «Մեր շատ ուսումնական հաստատություններ, այդ թվում` «Շիրակացու ճամարանը», ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն մենք միշտ խնդիր ենք ունեցել Հայաստանում արձանագրված նվաճումումները թե’ երկրի ներսում, թե’ դրանից դուրս տարածելու թեկուզ այն դպրոցներում, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվում: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը օրինակ կհանդիսանա մեր մյուս լավագույն դպրոցների համար` արտերկրի ուսհաստատությունների հետ համագործակցելու և իրենց փորձը տարածելու տեսանկյունից»,-նշել է նախարարի տեղակալը:

Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանի խոսքով` վարժարանը, որը հիմնվել է 1960 թվականին, մեծ ներդում է ունեցել սփյուռքում հայ սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում: «Սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են բազում դժվարությունների, որոնցից հիմնականն արդիական կրթական չափորոշիչներին համարժեք քայլելու  հրամայականն է: Հետևաբար, մենք պարտավոր էինք այս քայլն անել` հանուն սերունդների հայեցի դաստիարակության: Մեզ շատ հետաքրքիր է Շիրակցու ճեմարանի Միջազգային բակալավրիատի փորձը և կիրառումը մեր դպրոցում, որը բավականին մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում` ուսումնական նյութերի համապատասխանեցում, անձնակազմի վերաատրաստում և այլն»,-նշել է Ներսես Սարկիսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը  և Շիրակացու ճեմարանին` աջակցության համար:

«Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր հերթին նշել է, որ ճեմարանի հիմնադրման օրվանից ազգային ոգին դրվել է ճեմարանի կրթական ծրագրերի հիմքում: «Մեր առջև երկու կարևոր նպատակ է դրվել՝ հասնել այն մակարդակին, որ ճեմարանը դառնա համամարդակային արժեքներ կրթող հաստատություն և համահայկական կրթական կենտրոն: Առաջին նպատակին արդեն հասել ենք և շարունակում ենք առաջ գնալ, իսկ այսօր դրեցինք երկրորդ գաղափարի հիմքը՝  հույս ունենալով, որ մեր օրինակը վարակիչ կդառնա մյուս դպրոցների համար»,-նշել է Աշոտ Ալիխանյանը` վստահեցնելով, որ շուտով հանրությանը կներկացվեն համագործակցության առաջին արդյունքերը:

Նշենք, որ հուշագրով կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական և խորհրդատվական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ ուսուցիչների և աշակերտների փոխանակման, առցանց օլիմպիադաների, ամառային ճամբարի կազմակերպման, գիտակրթական խորհրդակցությունների կազմակերպման, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման ուղղություններով: Բացի այդ, կողմերը կհամագործակցեն նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման և լուծման, կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակման, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով։

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։