Հայաստանի դպրոցականները Սիլիկոնե Հովտում արժանացել են մրցանակի

2017-08-15

Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կազմակերպած «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի արդյունքում Հայաստանի Կարբի գյուղի՝ 5 աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմը իր ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով օգոստոսի 7-11-ը մասնակցել է ԱՄՆ-ի Սիլիկոնե Հովտում անցկացվող «Technovation» միջազգային մրցույթին: Մրցույթին մասնակցել է 11000 աղջիկ` 103 երկրից։ Եզրափակիչ անցած թիմերը հրավիրվել են Մաունթին Վյու՝ ներկայացնելու իրենց նախագծերը։

Կարբի գյուղի դպրոցի աշակերտուհիներ Աղավնի Հակոբյանի, Սոնա Ավետիսյանի, Սվետլանա Դավթյանի, Վիոլետա Մկրտչյանի, Վարդանուշ Նազարեթյանի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանի թիմը համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Մարդկանց ընտրություն» մրցանակին:

Հայ երիտասարդ աղջիկներից կազմված խումբն ընդգրկվել է Google-ի կազմակերպած Technovation Challenge հավելվածների մրցույթի եզրափակիչ անցած թիմերի թվում՝ հաղթելով հանդիսատեսի համակրանք անվանակարգում։

Նշենք, որ ծրագիրը նախատեսում էր 12-շաբաթյա ուսուցում, որն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։