2017 թվականի սեպտեմբերից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

2017-08-10

2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ թեմայով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել «Հայելի» ակումբում, որի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով` 12-ամյա պարտադիր կրթության անցման պարագայում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ` կապված կրթությունից դուրս մնացած երեխաների հետ: Ըստ նրա` որոշ ծնողներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ պատճառաբանելով, որ նա դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու  իրավունքից։ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն իր հերթին նշել է, որ ծնողներին պետք է բացատրել, որ երեխաները վեց տարեկանը լրանալուն պես պետք է հաճախեն դպրոց և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։Նա տեղեկացրել է, որ պարտադիր 12-ամյա կրթությանը զուգահեռ՝ այս ուսումնական տարվանից Լոռու մարզում ներդրվելու է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և արագ արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հաջորդ տարի նախատեսվում է գործարկել ամբողջ հանրապետությունում: Համակարգը մշակել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Ըստ բանախոսի` համակարգը հնարավորություն կտա պարզել, թե քանի երեխա և ինչ պատճառներով է դուրս մնացել կրթությունից, և կազմակերպել նրանց վերադարձը դպրոց: 
Արտակ Պողոսյանը պարզաբանել է, որ սեպտեմբերի 10-ից հետո, երբ բոլոր դպրոցները կտրամադրեն առաջին դասարան հաճախած աշակերտների տվյալները, համակարգը կհամադրի և կպարզի, թե 2011թ. ծնված երեխաների քանի տոկոսն է մուտք գործել դպրոց: Այն հնարավորություն կտա հետևել ցանկացած երեխայի, և դեպքը վարողները կկարողանան զբաղվել նրանց խնդիրներով: ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով` համակարգի մեկ այլ բաղադրիչ վերաբերում է դպրոցից դուրս մնալու ռիսկին ենթակա երեխաներին, ովքեր ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը: Այս նպատակով ԿԳՆ-ն կհամագործակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, մարզպետարանների և ոստիկանության հետ: «Օրինակ, երբ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում սոցիալական խնդիրների պատճառով, տնօրենը, խոսելով երեխայի ծնողների հետ, համապատասխան նշագրում է անում համակարգում, որ երեխան դպրոց չի հաճախում սոցիալական խնդիրների պատճառներով: Համակարգն ավտոմատ ցույց է տալիս մարզպետարանի հանրակրթության, սոցիալական վարչությանը, ԿԳՆ-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ գոյություն ունի խնդիր»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ 2015-16 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների (որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց) թիվը մոտ 300 է, որը, ըստ բանախոսի, մեկ տոկոսից քիչ է։ «Հաճախ ծնողները խուսափում են երեխային դպրոց ուղարկել, եթե նրա 6 տարին սեպտեմբերին դեռ չի լրացել: Մինչդեռ առաջին դասարան պետք է հաճախեն բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև դեկտեմբերի 31-ը», -նշել է նա։

Բանախոսները նշել են նաև, որ կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց կրթության իրավունքի իրացման հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ակնկալում են հանրության լայն աջակցությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։