Նորաստեղծ Շարժական ինտերնետային-համակարգչային կայան

2008-12-10

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ նորաստեղծ Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի /ՇԻՀԿ/ շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը, Համաշխարհային բանկի կրթության որակի և համապատասխանության ծրագրի ղեկավար Խուան Մանուել Մորենոն, ոլորտի պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Գրիգորյանը ներկայացրեց նորաստեղծ շարժակայանի առաքելությունը: Նա նշեց, որ ՇԻՀԿ-ը հնարավորություն կտա Հայաստանի հեռավոր բնակավայրերի այն դպրոցներում, որոնք համակարգիչների բավարար քանակ չունեն և ինտերնետային կապով ապահովված չեն, կազմակերպել դասընթացներ` «Ինֆորմատիկա» առարկայի պետական ծրագրին համապատասխան: Նախատեսվում են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (համակարգչային հմտություններ, ինտերնետ, էլեկտրոնային փոստ):
ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր գյուղ ապահովված կլինի ինտերնետային կապով, և շատ մոտ ապագայում  շարժակայանը կդառնա թանգարանային ցուցանմուշ:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող թիվ 12 հատուկ  օժանդակ դպրոցի սաներին, որոնք արարողությանը հետևում էին դասասենյակների պատուհաններից, նշեց, որ իրականացվող կրթական բոլոր բարեփոխումներն ուղղված են աշակերտներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Համաշխարհային բանկի կրթության որակի և համապատասխանության ծրագրի ղեկավար Խուան Մանուել Մորենոն:
ՇԻՀԿ-ը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է` համալրված ինտերնետի արբանյակային ալեհավաքային համակարգով: ՇԻՀԿ-ի համակարգչային դասասենյակն ունի անհրաժեշտ սարքավորումներով 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար: Դասասենյակի պատին ամրացված է ուսուցչի համակարգչին միացած էկրանը, որը կրկնում է ուսուցչի համակարգչի մոնիտորի պատկերը:  Շարժական կայանի միջոցով առաջին դասընթացը կկազմակերպվի Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի աշակերտների և ուսուցիչների համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։