Ներկայացվել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը

2017-07-20

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն այսօր Աղվերանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը: Քննարկումը կազմակերպվել և իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, գործատու կազմակերպությունների, Արհմիությունների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, միջազգային փորձագետներ և դոնոր կազմակերպությունների ղեկավարներ:

ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր ելույթում անդրադարձել է ՄԿՈՒ ոլորտի ներկայիս իրավիճակին, ռազմավարական զարգացման խնդիրներին, ինչպես նաև ներկայացրել «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝  ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նպատակադրումները, ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագիրը, մինչև 2030 թ. Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախները, Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրի դրույթները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները: Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ Արտակ Աղբալյանը նշել է, որ ՄԿՈՒ ոլորտում իրականացնելով արմատական բարեփոխումներ՝ անհրաժեշտ է էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին, բարձրացնել նշված ոլորտի ծախսային արդյունավետությունը, ինչպես նաև երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ: Որպես 5-ամյա ծրագրի շրջանակներում ՄԿՈՒ ոլորտի  զարգացման  հիմնական խնդիրներ՝ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետը մատնանշել է ուսումնական հաստատությունների արդյունավետության և կրթության որակի բարձրացումը ու դրա համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին, շրջանավարտների զբաղվածության խթանումը, բնակչության բոլոր խավերի համար նախնական և միջին մասնագիտական կրթության մատչելիության ապահովումը,  շրջանավարտների շարունակական կրթության ապահովումը, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, ՄԿՈՒ արդիականացումը, կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումը, ուսհաստատությունների խոշորացումը և այլն: Բանախոսն անդրադարձել է նաև բարեփոխումների  հիմնական ծրագրային ուղղություններին՝  կառուցվածքային-բովանդակային բարեփոխում, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր միջոցների և մոդելների մշակում, գիտելիքների գնահատման վերահսկման ձևերի բարելավում, կրթական վեբ տեխնոլոգիաների ներդրում,ՄԿՈՒ համակարգի միջազգայնացում, երիտասարդության զբաղվածության և ձեռներեցային գործունեության խթանում և այլն: Խոսվել է նաև ծրագրի  իրականացման  ռիսկերի և դրանց  նվազեցմանն ուղղված քայլերի, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին:
 «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն անդրադարձել է ՄԿՈՒ ոլորտում GIZ–ի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես, մասնավոր հատվածի և ՄԿՈՒ շահակից կողմերի համագործակցության խթանման համատեքստում:
«Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագծի ներկայացումից հետո ծավալվել է բուռն քննարկում՝ ծրագրի իրականացման ընթացքի, հնարավոր ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումներն ընթացել են ձևավորված աշխատանքային խմբերում, որի արդյունքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ծրագրի վերաբերյալ:
Կլոր սեղան-քննարկման հաջորդ օրը նախատեսվում է գործառնական պլանի մշակում և բարեփոխումների ծրագրի գնահատում աշխատանքային խմբերում:
Նշենք, որ «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը դրվել է հանրային քննարկման:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։