Էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներ

2017-07-18

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների շնորհանդես, որին մասնակցել են ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունն իրականացրել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը»՝ նպատակ ունենալով առաջարկներ ներկայացնել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային ռեսուրսների ներդրումն ընդլայնելու վերաբերյալ:

Կարևորելով կատարված հետազոտական աշխատանքը՝ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ժամանակակից կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց էլեկտրոնային  ռեսուրսների կիրառման. «ՀՀ կառավարության ծրագրում և գերակայություններում հատուկ կարևորություն է տրվում ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման զարգացմանը: Այս ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բավական աշխատանք է կատարել, մասնավորապես այդ նպատակով կիրառվում է հեռավար կրթության մոդելը: Ներկայումս առանձնացված են մոտ 11 մենթոր և  շուրջ 40 համագործակցող դպրոցներ, որոնք միմյանց հետ աշխատում են՝ կազմակերպելով համատեղ  տեսադասեր, ֆորումներ և այլն: Բացի այդ, ԿՏԱԿ-ի կայքում ստեղծված է էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղադրված էլեկտրոնային ռեսուրսներն օգտագործվում են դպրոցների կողմից: Առհասարակ, էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը կրթության ոլորտում գնալով ավելի մեծ տեղ է գրավում»,-նշել է Ա. Արշակյանը՝ հավելելով, որ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» հետազոտությունն այդ ուղղությամբ իրականացված քայլ է:

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Գոռ Գասպարյանն իր խոսքում նշել է, որ հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԳՆ հանձնարարությամբ. «Մեր խնդիրն էր պարզել, թե էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը դպրոցներում ինչ արդյունք է տվել այլ երկրներում, ինչպիսի հաջորդական քայլեր են արվել և որն է էլեկտրոնային ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մոդելը: Այս նպատակով կատարվել է 12 երկրի ուսումնասիրություն, որին մասնակցել են նաև մանկավարժ-հոգեբաններ: Արդյունքներին իրենց գնահատականներն են տվել նաև նեղ մասնագետները՝ որպես ընդդիմախոսներ: Հետազոտության արդյունքում ձևավորված փաստաթուղթն այժմ ներկայացված է հանրային քննարկման»,-նշել է Գ. Գասպարյանը:

Հետազոտության շնորհանդեսից հետո տեղի է ունեցել քննարկում, ներկայացվել են էլեկտրոնային դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի և այլ ռեսուրսների կիրառման վերաբերյալ տարբեր առաջարկություններ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։