Ամփոփիչ սեմինար

2008-12-10

Օրերս  տեղի ունեցավ ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ սեմինարը, որը նպատակ ուներ ներկայացնել ծրագրի արդյունքները, առաջացած խնդիրներն ու  հաջողությունները:  Սեմինարը վարում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը:

Տարիներ ի վեր այս երկու գործընկեր կառույցները արդյունավետ համագործակցում են Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/  զարգացման բնագավառում: «Ծրագիրը թևակոխում է նոր փուլ, ուստի և չափազանց կարևոր է, որպեսզի մեր շահառուներն ու գործընկերները հստակ պատկերացում ունենան երկու և կես տարիների ընթացքում անցած ուղու, ինչպես նաև Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում առկա բոլոր ձեռքբերումների մասին», - նշեց ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը:   
Ծրագրի հաշվետվությանը զուգընթաց` մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին մի շարք մոդուլային ձեռնարկներ, դիդակտիկ նյութեր և փաթեթներ:
«Հաշվի առնելով ծրագրի շոշափելի և կայուն արդյունքները` վստահ կարող ենք ասել, որ ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» ծրագիրը հանդիսանում է լավագույն և ամենահուսալի դոնոր գործընկերներից մեկը»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:  
Սեմինարի մասնակիցներն ակտիվ և բուռն քննարկումներ ծավալեցին ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետի ներգրավմամբ մշակված «Ցկյանս ուսուցման հայեցակարգի» և «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծերի շուրջ:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի ու գյուղատնտեսության նախարարությունների, Զբաղվածության պետական ծառայություն գործակալության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Բրիտանական խորհրդի,  «Մեծահասակների կրթության» ասոցիացիայի, Միջին և նախնական մասնագիտական կրթական հաստատությունների տնօրենների ասոցիացիայի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։