Հայ-չինական գիտակրթական համագործակցության զարգացումը` քննարկման առանցքում

2017-07-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կրթաթոշակների հանձաժողովի (China Scholarship Council) քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի  գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարն երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ հայ-չինական միջպետական  ծրագրի շրջանակում Չինաստանի առաջատար համալսարաններում  Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերի համար: Լ. Մկրտչյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական կրթական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. բացի երկու պետությունների միջև առկա ուսանողների փոխանակման ծրագրերից, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթական, այլ նաև միջպետական հարաբերություններին նոր որակ հաղորդելու տեսանկյունից, Հայաստանում գործում է Կոնֆիցիուսի անվան չինարեն լեզվի ուսուցման  կենտրոնը, Երևանում այժմ ընթանում է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը: Ընդգծելով, որ  հայ երիտասարդների մոտ տարեցտարի մեծանում է չինական կրթության,  մշակույթի և տնտեսության նկատմամբ  հետաքրքրությունը՝ ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացության ընդլայնումը գիտության ասպարեզում, մասնավորապես շեշտելով գիտական կադրերի փոխանակման ծրագրերն ու համատեղ գիտական նախագծերի իրականացումը:

Չինաստանի Կրթաթոշակների հանձաժողովի  պատասխանատուն  ներկայացնելով իրենց գործունեությունը՝ նշել է, որ ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններոմ այժմ սովորում է շուրջ 43 հազար արտասահմանցի ուսանող:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում սովորող չինացի ուսանողների հետ կապված փոխանակման ծրագրերի ընդլայնման և աշխատանքային այլ հարցերի:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։