Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ
2017-07-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Ֆինանսական և իրավական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը` Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող շարունակական աջակցության համար: Ըստ նախարարի` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, և ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում, մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքաստեղծ կենտրոնի ստեղծման, դպրոցներում էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև նոր կրթակարգի, չափորոշիչների և կրթական բովանդակության մասով: Լևոն Մկրտչյանը նաև նշել է, որ Էրազմուս ծրագիրը բավականին արդյունավետ է կիրառվում ՀՀ բարձրագույն կրթական համակարգում, և հայաստանյան բուհերն ակտիվ մասնակցում են այդ ծրագրին: Ըստ նախարարի` խնդիր է ուսանողների ներքին շարժունության ապահովման հարցը: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում բուհական համակարգում` ֆինանսավորման մեխանիզմների և բուհերի հավատարմագրման գործընթացների հետ կապված: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մշակման փուլում է գտնվում Տավուշի մարզի ծրագիրը՝ հաշվի առնելով այդ մարզի կրթական առանձնահատկությունները: Ծրագրի արդյունավետ լինելու պարագայում` այն կկիրառվի նաև ՀՀ այլ մարզերում:
ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր հերթին նշել է, որ կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, և ՀՀ կառավարության աջակցությամբ մտադրություն կա կրթության և գիտության ոլորտը բարելավելու նպատակով կիրառել TAIEX և TWINNING գործիքները: Նա ողջունել է նաև e-learning համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել համագործակցել ՀՀ-ում գործող միջազգային այլ կազմակերպությունների հետ` կրթության ոլորտը զարգացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը և ԵՄ աջակցությամբ հնարավորություն ստեղծել startup–ների և նոր ծրագրերի իրականացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր: