Քեմբրիջի համալսարանի բարձր գնահատականը` Արարատյան բակալավրիատին

2017-07-03

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արարատյան բակալավրիատ ծրագիրը, որն իրականացնում են ՀՀ ԿԳ նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը` համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ: Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ երեք տարի առաջ սկսվել է լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանում ստեղծել հայալեզու, բայց միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատ: Նրա խոսքով`  Արարատյան բակալավրիատը ներդնելով որպես Գերազանցության ծրագիր` պետությունը նպատակ է հետապնդում  այն տարածել կրթական ողջ համակարգում և հասանելի դարձնել բոլոր հայ դպրոցականներին: Դավիթ Սահակյանը տեղեկացրել է, որ Արարատյան բակալավրիատ ծրագրի ներդրման փուլը սկսվել է ՀՀ մարզերից, որը կտարածվի ողջ հանրապետությունում` նախևառաջ պահպանելով ծրագրի որակը:

«Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյն իր հերթին նշել է, որ Արարատյան բակալավրիատ ծրագիրը կարճ ժամանակահատվածում միջազգային ճանաչում է ստացել և արձանագրել տպավորիչ արդյունք` մեծ ուշադրություն դարձնելով կրթության որակին: Նա իր գոհունակությունն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ` ընդգծելով, որ հպարտ է ծրագրի շրջանակում համագործակցության համար: Դեն Բռեյը նշել է, որ ծրագրի արդյունավետ ներդրման գործում կարևոր է ԿԳ նախարարության դերը: Նրա խոսքով` Արարատյան բակալավրիատի քննական համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին: «Այս համատեքստում կարևորվում է քննությունների անցկացման հավաստիությունը, վստահելիությունը և արդարությունը: Քեմբրիջի համալսարանին հարյուր հիսուն տարի է պահանջվել` քննությունների գնահատման համապատասխան համակարգ ստեղծելու համար. Արարատյան բակալավրիատին հաջողվել է Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ մեկ տարում հասնել բարձր որակի: Այս ծրագրի շրջանակում գնահատական ստանալը նույնքան բարդ է, որքան միջազգային այլ  բարձրորակ քննական որակավորումներում»,-նշել է Դեն Բռեյը` ընդգծելով, որ որակավորումների միջազգային ճանաչումը առհասարակ մի գործընթաց է, որը չի ավարտվում և կրում է շարունակական բնույթ: «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրենը նաև հավելել է, որ կրթական բարեփոխումների իրականացման ժամկետները պետք է համադրելի լինեն դրանց որակի հետ` կարևորելով Արարատյան բակալավրիատի սահուն աստիճանական ներդրման տրամաբանությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արարատյան բակալավրիատ ծրագրին վերաբերող այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։