Կրթության ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի առաջնահերթությունների շարքում
2017-06-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քննարկել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Մատաղ սերնդի դաստիարակությունը դիտարկելով որպես գերակայություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթական օջախների բարելավմանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում նորոգվում, բարեկարգվում ու նոր գույքով են համալրվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախակրթարանները, կրթամշակութային օջախներն ու մարզական կրթօջախները: Երևանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ մայրաքաղաքի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում կրթության ոլորտը շարունակելու է մնալ ծրագրային առաջնահերթությունների շարքում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին մի քանի տարիներին կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքները, նկատելով, որ այն իսկապես կարևոր ազդեցություն է ունենում կրթության որակի բարձրացման վրա:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները և առաջնահերթությունները: