Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի փորձով

2017-06-28

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը ՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Չ. Բեկիշևայի գլխավորությամբ: ՂՀ ԿԳՆ պատվիրակությունը Հայաստանում է`  ուսումնասիրելու Հայաստանում դասագրքերի` սովորողներին տրամադրման և  բաշխման կարգը, մասնավորապես, «Դասագրքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործունեությունը:
Նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև փորձի փոխանակման հարցեր: Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, մասնավորապես, անդրադարձ է եղել դպրոցների ֆինանսավորման կարգի, միասնական քննությունների անցկացման, ուսումնական հաստատությունների բեռնվածության, տնօրենների ընտրության և այլ հարցերի: Պատվիրակության անդամներին առավելապես հետաքրքել է ՀՀ դպրոցական դասագրքերի հրատարակության հետ կապված հարցեր: Ըստ Մանուկ Մկրտչյանի` այս ոլորտում իրականացվող երկարատև և հետևողական քաղաքականության արդյունքում այսօր Հայաստանում ձևավորվել է հրատարակչությունների լիարժեք ցանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի վերաբերյալ այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։