ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

2017-06-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը և ՀՀ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը: Վերջինս անդրադարձել է դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման, համապատասխան մասնագետների վերապատրաստման, շախմատի խմբակների գործունեության և այլ հարցերի:  Ըստ Ս. Լպուտյանի` «Շախմատ» առարկայի դասավանդումը դպրոցներում եզակի նորամուծություն է, որը միջազգային ճանաչում է բերել ծրագրին: Նրա խոսքով` կրթական ոլորտում այս ուղղությամբ իրականացվելիք հետազոտությունների, քննարկումների ու նորամուծությունների շնորհիվ կարող ենք հասնել էլ ավելի բարձր արդյունքի: «Նոր-նոր Լեհաստանն է ուզում «Շախմատը» որպես առարկա դպրոց մտնել, բացի այդ, առաջիկայում ևս 80 երկիր այս ճանապարհով կգնա: Առաջին քայլը մենք արել ենք. հիմա արդեն երկրորդ փուլին ենք հասել` պետք է Մանկավարժական համալսարանում ուսուցիչներ պատրաստենք: «Շախմատի» ներդրումը հանրակրթական դպրոցներում մեծ դեր ուներ, քանի որ աշակերտը, ով հետաքրքրված է շախմատով, հետագայում խելացի և օգտակար քաղաքացի է լինելու»,-նշել է Ս. Լպուտյանը` ընդգծելով, որ  մտադրություն կա ավելացնել այն դպրոցների թիվը, որտեղ  շախմատի խմբակներ են գործում: Ըստ նրա` քաղաքային դպրոցներում գործում են նման խմբակներ, սակայն գյուղերում, ցավոք, այսպիսի խմբակներ չկան: «Բացի այդ, պետք է խիստ լինել ուսուցչի ընտրության հարցում. «Շախմատի» ուսուցիչը պետք է անպայման մեր կողմից տրված սերտիֆիկատ ունենա, ինչպես նաև չի կարող ուղղակի տվյալ դպրոցի տնօրենի կողմից նշանակվել` մեր համաձայնությունն էլ պետք է ստանա, իսկ մենք շատ խիստ ենք «դատում»,-նշել է Ս. Լպուտյանը` հորդորելով տնօրեններին` առարկայի դասավադման համար կադրեր ընտրելիս ուշադրություն դարձնել կրթությանը, գիտելիքին ու որակավորմանը` այս ընթացակարգը համաձայնեցնելով նաև շախմատի մարզային ֆեդերացիայի մասնագետ անդամների հետ։ Հանդիպմանը ներկա տնօրեններից մեկի այն հարցին, թե արդյոք «Շախմատի» դասաժամերի ավելացման հնարավորություն կա, ԿԳ նախարարը պատասխանել է, որ ներկայումս փորձ է արվում բեռնաթափել առարկաները. «Դրա փոխարեն մենք խմբակներ ենք ստեղծում և հենց արտադասարանային պարապմունքների միջոցով էլ 4-րդ դասարանից հետո, երբ աշակերտը կավարտի դպրոցում «Շախմատի» ուսումնասիրությունը, կարող է շարունակել զբաղվել շախմատով` հաճախելով խմբակ: Բացի այդ, ցանկանում ենք, որպեսզի կառավարությունը ֆինանսավորի 2 արտադասարանային խմբակների գոյությունը` կլինի ռոբոտաշինություն, պար, թե խմբակ, որպեսզի աշակերտները դասերից հետո հնարավորություն ունենան իրենց հմտությունները զարգացնել»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ շախմատը երեխաների մոտ զարգացնում է կոլեկտիվ մտածողություն, համբերատարություն, իր ապագան ծրագրավորելու հնարավորություն տալիս, ինչպես նաև հաղթելու համար քայլեր կատարել և պարտվել սովորեցնում: 


Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը` ներկայացնելով 2016-17թ․ մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, որոնք վերաբերել են «Դպրոցական սնունդ» ծրագրին, աշակերտների գերազանց առաջադիմությանը, ներառական կրթության, մարզի դպրոցների թվաքանակին, ուսումնական ծրագրերին, կառավարման խորհուրդների վերաբերյալ մարզի խնդիրներին և այլն: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը առաջարկ է ներկայացրել ուսուցիչների ատեստավորման ընթացակարգի վերաբերյալ, դպրոցների կառավարման խորհուրդների անդամների, դպրոցներում դասավանդվող առարկաների ծավալի կրճատման ուղղությամբ։
Նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումներին` ընդգծելով, որ հանրակրթությունը պետք է կարողանա դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին: «Կրթությունը գործիք է` տվյալ տեսակի շարունակականությունը պահպանելու համար, և մենք մեր կրթական համակարգի շնորհիվ էլ` պարտավոր ենք ապահովել այդ շարունակականությունը: Բացի այդ` կրթությունը երեք կարևոր բաղադրիչ ունի` գիտելիք, հմտություն և դաստիարակություն: Ցավոք, մենք դպրոցներում աշակերտին ոչ թե գիտելիք, այլ ինֆորմացիա ենք տալիս, ինչի համար էլ փոփոխություններ պետք է արվեն»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, կրթության որակի և ուսուցիչների հեղինակության բարձրացման խնդիրների մասին` ընդգծելով, որ դպրոցում պետք աշխատեն միայն գիտակ, կիրթ ու իսկապես մանկավարժական կարողություններ ունեցող մասնագետներ: Նա անդրադարձել է ուսուցիչների` նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելուն` նշելով, որ նման կերպ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրման խնդիրը կլուծվի: Ըստ Լևոն Մկրտչյանի` ւսուցիչների տարակարգերի գումարը պետք է ավելացնել, իսկ տարակարգից տարակարգ անցումը` հեշտացնել ու արագացնել. «Պետք է այնպես անել, որ լավ ուսուցիչը կարողանա ավելի արագ անցնի տարակարգերով, քանի որ լինում են դեպքեր, որ մինչև ուսուցիչը հասնում է վերջին տարակարգին, արդեն նրա թոշակի գնալու ժամանակնէ  լինում»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև դպրոցների տնօրենների ընտրության խնդրին: Ըստ նրա`  շատերը, դառնալով տնօրեն, ցավոք, դպրոցն այլևս իրենց սեփականությունն են համարում: Նախարարն անդրադարձել է նաև դպրոցների խորհուրդների գործունեությանը` նշելով, որ դրանք հաճախ ոչ թե օգնում, այլ խանգարում են դպրոցի բնականոն գործունեությանը. «Հաճախ խորհուրդները համայնքների ղեկավարների, թաղերի ներկայացուցիչների կողմից են ղեկավարվում, և փողոցն ավելի շատ մասնակցություն է ունենում դպրոցի կառավարման գործում, քան տնօրենը: Խնդիրն այն է, որ դպրոցի հետ կապ չունեցող մարդիկ փորձում են կառավարել դպրոցը, ինչի համար էլ խորհուրդների ընտրման, կազմի հարցում փոփոխություններ կլինեն»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում քննական երեք առարկա ընտրելու աշակերտների հնարավորության մասին` կոչ անելով տվյալ նորամուծությունը դիտարկել որպես աշակերտ-դպրոց կապի ամրապնդման և աշակերտների նախասիրությունների խորացմանը միտված քայլ: Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև «Թումո»-ն գյուղական համայնքներ իջեցնելուն, այն է՝ ծրագիրը մասսայականացնելու խնդրին:

ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, իր հերթին անդրադարձ կատարելով դպրոցական առարկանների բեռնաթափման, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ծրագրային դրույթներին և ուսումնական պլանի ճկուն ու արդյունավետ իրականացմանը, ավելացրել է, որ այս ուղղությամբ ԿԱԻ-ում մշտապես կազմակերպվում են քննարկումներ և կատարվում ուսումնասիրություններ, որոնցում ներգրավվում են դպրոցի տնօրենները, ուսուցիչներն ու ԿԱԻ մասնագետները։ 
Հանդիպմանը մասնակից տնօրեններն իրենց գոհունակությունն են հայտնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ`  հատկապես ընդգծելով շարադրությունների և բանավոր քննության ներմուծումը հանրակրթական համակարգ` որպես գիտելիքի ստուգման առավել արդյունավետ գործիք:   Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին հանդիպման համար, ընդգծել է, որ նախարարի խոսքում նշված ուսուցչի հեղինակության բարձրացման խնդրում և մարզպետարանը և ողջ մանկավարժական կազմն իրենց անելիքն ունեն: Ըստ նրա` առաջիկայում էլի կկազմակերպվեն նմանօրինակ հանդիպումներ, իսկ առաջարկների և քննարկումների համար, անհրաժեշտության դեպքում, կստեղծվեն աշխատանքային խմբեր:

Հանդիպման ավարտին մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մի շարք տնօրեններ մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։