Հայաստանի դպրոցականների պատրաստած բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում
2017-06-09
Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի «One Step Ahead» թիմը իր «Armenian Sign Language» բջջային հավելվածով:
Թիմը օգոստոսի 7-11-ը կմասնակցի Համաշխարհային գագաթաժողովին՝ ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում:
Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում, որն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր և պատրաստել բջջային հավելված` խնդրի լուծման նպատակով:
Ծրագրի իրականացմանը աջակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: