Որակի ապահովումը` ուսհաստատությունների զարգացման համալիր ծրագրի առանցքում

2017-06-06

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին հետևելու նպատակով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոն կատարած այցի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր զարգացման ծրագրին:
Մեկնաբանելով ուսուցիչների աշխատանքից զրկվելու մասին լուրերը՝ ԿԳ նախարարը նշել է, որ այս փուլում առաջնահերթությունը տրվում է քաղաքային դպրոցների հիմնախնդրին: Մասնավորապես Երևանում առկա է հետևյալ պատկերը, դպրոցների շուրջ 30 տոկոս թերբեռնված է, 30 տոկոսը՝ գերբեռնված դպրոցներ: «Պետք է մտածենք՝ ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, քանի որ Երևանում ունենք անգամ երեք հերթով աշխատող դպրոցներ: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը պետք է ակտիվ աշխատի մինչև ժամը 3-4-ը: Եթե մենք դպրոցների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը ճիշտ կազմակերպենք, չեմ կարծում, թե ուսուցիչների թվաքանակի շատ մեծ կրճատումներ ունենանք: Դիցուք, եթե Երևանում կա դպրոց, որտեղ 60-80 երեխա է սովորում և ոչ շատ մեծ հեռավորության վրա  կա մեկ այլ դպրոց ևս, որն ունի նորմալ ծանրաբեռնվածություն, ապա թերբեռնված դպրոցը միավորվում է մյուս դպրոցին: Բայց այս դեպքում  ուսուցիչների տեղափոխման հարցը ևս անպայման հաշվի է առնվում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այժմ մշակվում է դպրոցների զարգացմանն համալիր ծրագիրը, որտեղ կրթության որակի բարձրացման համատեքստում հատուկ կարևորություն է տրվում դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին: «Եվ գերբեռնված, և թերբեռնված դպրոցները ունեն որակի խնդիր: Հասկանալի է, որ դպրոցն ունի անուն,  հանրային վարկանիշ, որն հաշվի առնելով ծնողն իր երեխային տանում է հատկապես այդ դպրոցը: Հնարավոր է, որ այդ կարգի գերբեռնված դպրոցներին մենք լրացուցիչ մասնաշենքեր տրամադրենք՝ նույն դպրոցի կազմում ներառելով նաև մոտակայքում տեղակայված թերբեռնված որևէ դպրոց: Օրինակ՝ մասնաշենքերից մեկը կծառայի, որպես  կրտսեր դպրոց, մյուսը՝ միջին դպրոց»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես վերաբերում է քաղաքային դպրոցներին: Միաժամանակ, քաղաքային համայնքներում հիմնական դպրոցների խնդիրների քննարկման ժամանակ հաշվի է առնվում տվյալ բնակավայրի և թաղամասի առանձնահատկությունները: «Օրինակ` Շորբուլաղում, որը առանձնացված թաղամաս է, անգամ քիչ աշակերտների դեպքում դպրոցը չի միավորվի»,-ասել է Լ. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ավագ դպրոցների պարագայում արդյունավետ ծանրաբեռնվածություն է դիտվում մինչև 150 աշակերտի նվազագույն սահմանաչափը: 
Համալիր զարգացման և խոշորացման ծրագիր է նախատեսվում նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ միջին մասնագիտական հաստատությունների, հատկապես ուսումնարանների շենքային պայմանները ոչ բարեկարգ են. «Ժամանակին քոլեջները եվրոպական միության աջակցության ծրագրերով կարողացանք մասամբ փրկել: Իսկ ուսումնարանների մեծ մասն անմխիթար վիճակում է, և հիմա դիտարկում ենք դրանց խոշորացման հարցը: Այսինքն` եթե քոլեջի շենքային պայմանները 1000-1200 երեխայի համար են նախատեսված, բայց այնտեղ ընդամենը 200-300 երեխա է սովորում, պետք է մոտակայքում գտնվող ուսումնարանը միավորենք, որպեսզի և քոլեջի շենքն արդյունավետ օգտագործվի և ուսումնարանում սովորողների պայմանները բարելավվեն: Եթե մի քանիսը խոշորացնենք քոլեջների կազմում՝ սովորողները կկարողանան թե՛ արհեստագործական կրթություն ստանալ, թե՛ միջին մասնագիտական: Աշխարհի բոլոր երկրներում դրանք համատեղ համալիրներ են»,- նշել է ԿԳ նախարարը:
Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիության հետ այժմ քննարկվում է գյուղատնտեսական մասնագիտությունների ուղղությամբ քոլեջների զարգացման ծրագիրը: ԵՄ-ն պատրաստ է  ֆինանսական աջակցություն տրամադել:
Նախարարը մտահոգիչ է համարել նաև «բժշկական ուղղվածության ՄԿՈՒ մասնագիտությունների խնդիրը. «Մի շարք քոլեջներ արդար չեն ժողովրդի հանդեպ. օրինակ արհեստագործական կրթության ուղղավածության քոլեջում կարելի է հանդիպել  բուժական գործ մասնագիտության, որն անհասկանալի է»,- նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ՄԿՈՒ ոլորտում մասնագիտությունների վերանայման և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման խնդիր կա:  
Ըստ նրա` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների խոշորացման առաջին փուլում կմիավորվեն շատ ակնառու դեպքերը, իսկ հետագայում քննարկվելու է ֆինանսական ներդրումների հարցը: ԿԳ նախարարի խոսքով` ՄԿՈՒ ոլորտի հիմնական խնդիրը շենքային ոչ բարվոք պայմաններն ու լաբորատորիաների բացակայությունն են և ոլորտի համալիր զարգացման ծրագրի նպատակը այդ հիմնահարցերի լուծումն է:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։