Ֆրանսիական դպրոցը նշում է հիմնադրման 10-ամյակը
2017-06-05
Երևանում ֆրանսիական դպրոցը նշել է իր տասնամյա հոբելյանը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նախարարը շնորհավորել է ներկաներին Ֆրանսիական դպրոցի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերով հաջողվել է Հայաստանում ձևավորել ֆրանկոֆոն կրթական համակարգ՝ սկսած մանկապարտեզից մինչև համալսարան, ինչն էլ իր հերթին վերածնել է հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի և մշակույթի նկատմամբ: «10 տարի առաջ մի խումբ մարդկանց նախաձեռնությամբ հիմնված այս ուսհաստատության շնորհիվ ներկայումս ունենք ինտերնացիոնալ ֆրանսիական համակարգի լիարժեք անդամ հանդիսացող դպրոց: Հետևաբար, շնորհակալություն դպրոցի հիմնման բոլոր աջակիցներին և բարերաներին, որոնց ջանքերի շնորհիվ իրականացավ այս հրաշալի գաղափարը: Հատուկ շնորհակալություն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը և անձամբ դեսպանին, որոնց շուրջ 25-ամյա ջանքերի շնորհիվ Հայաստանը վստահորեն մտավ ֆրանկոֆոնիայի ընտանիքների համակարգ: Այս ուսհաստատությունն իր գործունեության ընթացքում ոչ միայն կրթական կարևոր ծրագիր է իրականացրել Հայաստանում, այլ նաև հնարավորություն է տվել, որ մեր երկիրը քայլ առ քայլ գնա ֆրանկոֆոնիայի ճանապարհով: Ներկայումս դպրոցը կարևոր կառուցվածքային բարեփոխումների մեջ, է և պետք է հնարավորինս աջակցենք, որ իր կենսունակությունն ապացուցած այս կարևոր հաստատությունն իր տեղն ունենա մեր կրթական համակարգում: Դպրոցի հիմնումը նաև կարևոր քաղաքական նշանակություն ունի, քանի որ այս պարագայում խոսքը վերաբերում է մեր բարեկամ երկրին՝ Ֆրանսիային»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի է ունենալու ֆրանկոֆոնիայի մեծ հավաք, որը ըստ Լևոն Մկրտչյանի, մեծ իրադարձություն է մեր երկրի համար:
Նշենք, որ դպրոցն արտերկրում ֆրանսերենի դասավանդման աշխարհում առաջինը հանդիսացող ցանցի անդամ է, որն ընդգրկում է 137 երկրներում տեղակայված 495 ուսումնական հաստատություն՝ 342 000 աշակերտներով և գործում է Ֆրանսիայի Արտգործնախարարության հովանու ներքո: Այս հաստատությունների կրթական ծրագիրը համապատասխանում է Ֆրանսիայում կիրառվող դպրոցական ծրագրերին: Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ միասին Երևանի ֆրանսիական դպրոցն առաջարկում է շարունակական ֆրանսիական կրթություն՝ նպաստելով ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածմանը Հայաստանում: