Նախագահը ներկա է գտնվել Պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացմանը

2017-06-05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա և «Շնեյդեր էլեկտրիկ»-ի ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա:

Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաև էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։

Կենտրոնի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։